Մինչև ո՞ւր կհասնի ԱԱԾ կոռուպցիոն շղթան

May 30, 2018 Comments Off on Մինչև ո՞ւր կհասնի ԱԱԾ կոռուպցիոն շղթան

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը  տարածել էկարգոների գործով խոստացված հաղորդագրությունը: ԱԱԾ-ն հայտնում է, որ ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Գործի շրջանակում կա երեք ձերբակալված, իրականացվել են խուզարկություններ, նախատեսվում է հարցաքննել ՊԵԿ նախագահի նախկին երկու տեղակալներին: ԱԱԾ-ն հայտարարել է, որ անցյալ տարի ստեղծված և մաքսազերծման բացառիկ մենաշնորհ ունեցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը պետական բյուջե չի վճարել 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Հնարավոր է, որ սա պետությանը պատճառած ամբողջական վնասը չէ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:

Ըստ ԱԱԾ հաղոդագրության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9, այսպես կոչված, «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդ կերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները։ Փաստորեն, սա կառավարության կողմից բացահայտ և թիրախովորված հարձակում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիկունքին կանգնած Սամվել Կարապետյանի ուղղությամբ: Հայտնի է, որ ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված ընկերությունը ստեղծվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի  անմիջական հանձնարարությամբ: Այս ընկերության ստեղծումը ժամանակին ներկայացվում էր մաքսային ոլորտի կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ արված լուրջ քայլ: Կարեն Կարապետյանն ինքը այդ այս մասին հրապարակավ արտահայտվել է այս մասին և անգամ գովաբանել ՊԵԿ-ին այս առնչությամբ: Բայց պարզվում է՝ տեղի ունեցածն ընդամենը նոր մոնոպոլիայի ստեղծում է եղել, ոչ ավելին: Տպավորություն է, որ նորաստեղծ ընկերության գործունեության առաջին իսկ օրից ԱԱԾ-ն փաստեր է կուտակել և գաղտնի թղթապանակ կազմել այս ընկերության դեմ: Այս մասին հազիվ թե տեղյակ չլիներ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյոք մաքսային կոռուպցիայի շղթան իրավական հարթության վրա կձգվի մինչև նախկին վարչապետ և նախագահ՝ ցույց կտա ժամանակը: Այս պատմության մեջ խորհրդանշական է նաև Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դերակատարումը: Նշված մաքսազերծող ընկերությունը ԶԼՄ հրապարակումներում կապվում է նաև նրա անվան հետ: Սամվել Կարապետյանն այս պահին դե ֆակտո Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկն է՝ նրան են պատկանում էներգետիկ համակարգի երկու ամենակարևոր ենթակառուցվածքները՝ Հայաստանի բաշխիչ և  բարձրավոլտ ցանցերը: Այս կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, եթե ցանցը հասնի մինչև Սամվել Կարապետյան, ինչպես է նա շարունակելու իր հետագա գործունեությունը Հայաստանում:

Կա նաև խնդրի հաջորդ կողմը՝ ներդրողների համար սա կարող է դիտվել որպես բացասական նախադեպ, ինչը չի բխում ո՛չ նոր կառավարության, ո՛չ էլ Հայաստանի շահերից:

 

Հայկ Դավթյան  

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: