Թափանցիկ ակնարկ Վաշինգտոնից՝ Փաշինյանին

May 26, 2018 Comments Off on Թափանցիկ ակնարկ Վաշինգտոնից՝ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դարձնելու, Ուկրաինայի և Մոլդովայի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնն այդ երկրների դեմ պուտինյան ագրեսիան կանգնեցնելու համար:

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ, սրանք այն հարցերն են, որոնցով կարող ենք օգնել այդ երկրների բնակչությանը: Անցած տարի մենք նաև որոշում ընդունեցինք Ուկրաինային պաշտպանական զինամթերք և համակարգեր տրամադրելու մասին, որոնք այդ երկրում արդեն օգտագործվում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ միաժամանակ փաստելով՝ դեռևս շատ անելիքներ կան՝ աջակցելու նախկին ԽՍՀՄ այն երկրներին, որոնք այժմ շարժվում են արևմտյան ճանապարհով:

Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում չի հիշատակվել Հայաստանը, թեև հայաստանյան վերջին իրադարձությունների համատեքստում հնարավոր էր նման հիշատակում:

Այս փաստը, սակայն օրինաչափ է: Հայաստանյան «թավշյա հեղափոխությունը» դեռևս բոլորովին էլ երաշխիք չէ, որ Հայաստանը շարժվելու է արևմտյան զարգացման ճանապարհով: Բոլոր պետությունները, թեև ուշի-ուշով հետևում ու ողջունում էին հայաստանյան իրադարձություններն, այնուամենայնիվ, Հայաստանի ապագան դեռևս անորոշ է՝ բոլոր առումներով:

Այնպես որ, Հայաստանի գործընկերները կնախընտրեն սպասել, այդ թվում և Միացյալ Նահանգները:

Ի դեպ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին պետքարտուղարն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում՝ պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին. «Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՝ ո՛չ»: «Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը», – ասել է պետքարտուղարը:

Լսումների ընթացքում մեկ այլ կոնգրեսական, Կալիֆոռնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կանխի Թուրքիային ամերիկյան հզոր F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: Դրանք ահաբեկիչների դեմ պայքարելու զենք չեն, ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և այդ կապակցությամբ նախատեսվող նոր օրինագծի քննարկմանը՝ Բրադ Շերմանն ասել է. «Հույս ունեմ, Պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսևորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների հիշատակի վերաբերյալ»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: