Ո՞վ է Երևանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն

May 27, 2018 Comments Off on Ո՞վ է Երևանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն

Համացանցում ուշագրավ երկխոսություն էր ծավալվել Տարոն Մարգարյան-Ալեն Սիմոնյան ձևաչափով: Նախ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մտադիր է հրաժարվել Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից, որը նրան փոխանցվել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Սիմոնյանը հայտարարեց, որ նա այդ քայլն անում է հանուն Երևանի, և մտադիր է ավելի հետևողական զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը մեկնաբանվեց, որ նա մտադիր է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ հաշվի առնելով, որ իշխանափոխության շղթան հաջորդաբար վաղ թե ուշ  հասնելու է նաև Երևանի քաղաքային իշխանությանը: Իսկ Ալեն Սիմոնյանը Երևանի ավագանու անդամ է, և չի թաքցրել, որ քաղաքապետի պաշտոնի հավակնություն ունի: Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմնավորմամբ, որ ԱԺ պատգամավորի մանդատը անհամատեղելի է ավագանու անդամի լիազորության հետ: Ավագանու անդամությունից զրկվելու դեպքում, Ալեն Սիմոնյանը չի կարող դառնալ Երևանի քաղաքապետ, քանի որ օրենքով քաղաքապետը պետք է ավագանու անդամ լինի: Ճիշտ է, Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել՝ ԱԺ մանդատից հրաժարվելու վերաբերյալ, սակայն գործող ընթացակարգերով նա դեռևս ԱԺ պատգամավոր է, և մեկ շաբաթվա ընթացքում պետք է երկրորդ անգամ դիմում ներկայացնի՝ ԱԺ մանդատը վայր դնելու վերաբերյալ, ինչը դեռ չի արել:

Ալեն Սիմոնյանի՝ մանդատից հրաժարվելու հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր դնելու Ալեն Սիմոնյանի մտադրությունը իր հետ համաձայնեցված չի եղել: Առաջին հայացքից սա բավականին տարօրինակ հայտարարություն էր, որը հստակ ցույց է տալիս, որ  Փաշինյանի քաղաքական թիմի ներսում թերևս կան հակասություններ և անհամաձայնություններ. Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, և եթե պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացվում, ապա այն չէր կարող չքննարկվել կուսակցության ներսում, առավել ևս չհամաձայնեցվել կուսակցության ղեկավարի և վարչապետի հետ:

Փաշինյանի այս հայտարարությունը առնվազն բաց մեսիջ էր առ այն, որ Երևանի քաղաքապետի իր նախընտրած թեկնածուն ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ: Հատկանշական է նաև, որ մինչ այդ, երբ քաղակտիվիստները Երևանի քաղաքապետարանում բողոքի ցույցեր էին իրականացնում ընդդեմ քաղաքապետի, Փաշինյանն անընդհատ հրապարակավ հայտարարում էր, որ ինքը դրանց հետ կապ չունի: Փոխարենը այսօր հայտնի դարձավ, որ«Ելք» դաշինքի ավագանու խմբակցության կազմում համալրումներ են կատարվել, և ի թիվս երկու այլ ավագանիների՝ ավագանու անդամի մանդատ է ստացել նաև Ռուբեն Ռուբինյանը: Նա ևս համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից էր, շարժման ղեկավար կազմի անդամ, ով վարում էր հանրահավաքները: Հատկապես այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, շարժման գլխավոր պատասխանատուն հենց նա էր: Այս ընթացքում նա Փաշինյանի կառավարությունում պաշտոն չստացավ, նրա անունը չկա նաև Ազգային ժողով գնացողների ցուցակում: Ավագանու կազմում հայտնվելու պարագայում, հավանական է, որ հենց նա կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի նախընտրած՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, նրա՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կասեցնելու հարցը ԿԸՀ-ն դեռ չի քննարկել, սակայն ԱԺ  պատգամավորի մանդատը նա դեռ կարող է պահպանել:

Զուգահեռաբար ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց Երևանի քաղաքապետի հետ համագործակցաբար աշխատող  «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի չարաշահումների վերաբերյալ: Թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող այս ընկերությանը վերագրվում է շուրջ 185 միլիոն դրամի յուրացում: Իսկ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Այսինքն՝ չարաշահումների սլաքներն ուղղվում են դեպի Երևանի քաղաքապետարան: Հավանաբար հեղափոխության առաջնորդները որոշել են ՏԻՄ հարթակում հեղափոխության գործընթացը շարունակել ոչ թե ակցիաների և համաժողովրդական ճնշման, այլ կոմպրոմատների գործադրման ճանապարհով: Երևանի քաղաքապետի դիմադրությունը ուղիղ համեմատական է լինելու կիրառվող կոմպրոմատների հզորությունից:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: