Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում

May 24, 2018 Comments Off on Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կրկին հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ից սկսած ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը: Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում: Նա նաև անդրադարձավ  «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի միջնորդությանը կապված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու հետ:

«Գործող դատավարության օրենսդրության շրջանակներում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ: Այսինքն` նույն օրը մենք Սամվել Բաբայանի պաշտպանի բերած բողոքի  կապակցությամբ կկայացնենք համապատասխան որոշում միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ պալատը գործը  ձգձգելու որևէ միտում:Նրա խոսքով` որոշում կայացնելու ժամկետը կախված է օբյեկտիվ հանգամանքներից` գործի բարդությունից, ծավալուն վճռաբեկ բողոքներից և բողոքներում բերված բազմաթիվ իրավական խնդիրներից:

«Պալատը իր ողջ ներուժով ամեն ինչ անում է, որպեսզի ողջամիտ ժամկետում հանգի համապատասխան որոշմանը»,- նշեց Ավետիսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խոսքով` վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե իբր ստորադաս դատարանի դատավորները հաճախ որոշումներ են կայացնում վճռաբեկ դատարանի ցուցումով: Նրա խոսքով` նման բան գոյություն չունի: «Այս կապակցությամբ ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերջին տարիներին այդպիսի բան գոյություն չունի, որ Քրեական պալատը  ուղղորդի ստորադաս դատավորներին այս կամ այն գործով որոշում կայացնելու համար: Այո, տարիներ առաջ այդպիսի խնդիր եղել է, որ առանձին դատավորներ, դատարանների նախագահներ իրենց կարծիքը հիմնավորելու համար ցանկացել են, որպեսզի նաև Վճռաբեկ դատարանը տեսակետ հայտնի, բայց այդ պրակտիկան քրեական արդարադատության ոլորտում գոյություն չունի: Կարող եմ հստակ և պատասխանատու ասել, որ քրեական գործերով դատական ակտերը մեր դատարանները կայացնում են ինքնուրույն, իրենց ներքին համոզմունքից ելնելով, ինչը պահանջում է Սահմանադրությունը և օրենսդրությունը»,- ընդգծեց Ավետիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: