Պարը չի փրկի Նիկոլից

May 26, 2018 Comments Off on Պարը չի փրկի Նիկոլից

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր միացել է նախագահի նստավայրի մոտ Ամուլսարի ոսկու հանքավայրի դեմ բողոքող ակտիվիստներին և նրանց հետ քոչարի պարել։

Ակտիվիստները Արմեն Սարգսյանին նամակ հանձնելուց, իրեն բողոքները ներկայացնելուց ու նախագահի հետ փոքրիկ զրույցից հետո որոշել են բողոքի ակցիան ավարտել հայկական ավանդական պարով։ Երաժշտության առաջին հնչյունների ներքո Արմեն Սարգսյանը միացել է շուրջպարին ու համալրել քոչարի պարողների շարքերը։ Հիշեցնենք նաև, որ ժամանակին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի Երևան կատարած այցի ժամանակ, երբ բնապահպանները Մատենադարանի մոտ  ոսկու հանքի շահագործումը դադարեցնելու պահանջով ակցիա էին կազմակերպել, Արմեն Սարգսյանն ու նրա հյուրը Մատենադարանից հեռացան ետնամուտքով: Փաստորեն, ժամանակի հետ շատ բան է փոխվում:

Խնդիրն այն չէ, թե Նախագահ Արմեն Սարգսյանի քայլը արտասովոր է մեր իրականության համար: Խնդիրն այն է, թե ընդհանրապես որքանով են համարժեք երկրում ստեղծված ներքին իրավիճակը, տարիներ շարունակ կուտակված հարցերն ու նախագահի պարը: Հանքերի դեմ բողոքող ակտիվիստների շարքում է եղել նաև Կարին համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա բնորոշմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ պարելը ամենևին էլ պատահական չէ, որովհետև պարը պայքարի և բողոքի արտահայտման ձև է: Այս պարագայում  ստացվում է, որ նախագահը միացել է բողոքի ակցիային, այն դեպքում, երբ բողոքն հենց իր դեմ էր ուղղված: Հայտնի է, որ նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքավայրի հետ ուղղակի առնչություն ունի, ավելին, ըստ ԶԼՄ հրապարակումների, Արմեն Սարգսյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիայի» խոշոր բաժնետերերից է: Նախագահը այդ լուրերը հերքել է. ««Լիդիանը» Կանադայում գրանցված ընկերություն է, որի բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, ու, բնականաբար, դժվար չէ նրանց մասին տեղեկություններ գտնել համացանցում: 5 տարի առաջ ես եղել եմ անկախ տնօրենների խորհրդի անդամ, ընդամենը մի քանի ամիս»,- բնապահպաններին ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝  այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի և կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի, այդ պատճառով էլ ինքը մասնակցել է կարգավորմանը. «Լինելով տնօրենների խորհրդի անդամ` ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, ես իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին և տնօրեններին, մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ներգրավված էին, ու դրանից հետո հրաժարվել եմ իմ պաշտոնից»,- պարզաբանել է նա։

Արմեն Սարգսյանը չի մանրամասնել, թե ժամանակին ինչ կարծիք է հայտնել, քանի որ, ինչպես ինքն է ասել, իբրև տնօրենների խորհրդի անդամ՝ գաղտնիքը չբացահայտելու փաստաթուղթ է ստորագրել։ «Բայց որպես նախագահ և որպես քաղաքացի՝ ես ձեզ հետ եմ, որովհետև չկա այնպիսի բան, որ ինձ համոզի, թե մենք կարող ենք ինչ-որ հաջողության հասնել մեր երկիրը փչացնելով»,- ասաց նա` վստահեցնելով, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկ դրամի շահույթ անգամ Ամուլսարից չի ստանում։

Ներկա սահմանադրությունը նախագահին բավարար լծակներ չի տալիս հանքի խնդիրները կարգավորելու առումով: Բայց դա չի նշանակում, թե նախագահը կարող է ամբոխահաճության գնալ և, ի նշան բողոքի, պարել և միանալ ցուցարարներին: Արմեն Սարգսյանի խնդիրը բողոքին միանալը չէ, Արմեն Սարգսյանի խնդիրը այդ պրոբլեմին լուծում տալն է կամ էլ գոնե դրան նպաստելը:

Ինչ խնդիր լուծեց նախագահը իր պարով՝ գուցե փորձեց ստեղծել իմիտացիա, թե ինքն անձնական որևէ կապ չունի Ամուլսարի հանքի հետ: Բայց այստեղ ամեն ինչ այքան էլ միանշանակ չէ, որովհետև եթե նոր կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսի փորփրել Ամուլսարի պատմությունը, պարը հազիվ թե փրկի Արմեն Սարգսյանին:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: