«Որոշ վարորդներ խախտումներ են անում հենց տեսախցիկների առաջ»

May 23, 2018 Comments Off on «Որոշ վարորդներ խախտումներ են անում հենց տեսախցիկների առաջ»

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրության մոտ սխալ կարծիք է ձևավորվել, թե արագաչափերն այլևս չեն գործում: «Թյուրըմբռնումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ տեսահսկող համակարգերը գործում են: Արագաչափերը միշտ գործել են եւ գործելու են»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ վարորդներին հորդորելով իրավախախտումներ թույլ չտալ:

Հիշեցնենք՝ կառավարության նիստում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի գործունեությունը:

ՃՈ պետի տեղակալի հաղորդմամբ՝ վերջին օրերին վարորդների իրավախախտումների աճ է գրանցվել. «Քաղաքացիներից զանգեր ենք ստանում եւ պարզ է դառնում, որ որոշ վարորդներ ճիշտ չեն ընկալել այս ամենը եւ խախտումներ են անում անգամ այն վայրերում, որտեղ տեսահսկող սարքեր կան: Բացի այդ՝ վերջին օրերին մի շարք արագաչափերի վնաս է հասցվել կրակելու եւ այլ միջոցներով: 3 արագաչափի գողության փաստ ունենք այս պահին: Հայտարարում ենք, որ արագաչափերը պետական սեփականություն են եւ պատկանում են ոստիկանությանը, եւ նման գործողություններով քաղաքացիները վնաս են հասցնում ՀՀ շահերին»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: