Ինչի՞ց է վախեցած Գուրգեն Արսենյանը

May 27, 2018 Comments Off on Ինչի՞ց է վախեցած Գուրգեն Արսենյանը

ԱԱԾ խոստացած ապօրինի հարստացածների ցուցակի հրապարակումը ենթադրում է լյուստրացիա: Ենթադրվում է, որ այդ ցուցակում գտնվող 350 հոգու անվանացանկում հատուկ ծառայությունները պիտի փնտրեն և գտնեն բարձրաստիճան պաշտոնյաների,  պատգամավորների կամ օլիգարխների ականջները: Դատելով ԱԱԾ պետի հայտարարությունից` կոռուպցիոն ցանցը ձևավորվել է հետևյալ մեխանիզմով. որպեսզի հանրային ուշադրության կենտրոնում գտնվող պաշտոնյան կարողանա «թղթերով ամեն ինչ մաքուր ցույց տալ», գտել է ինչ-որ արբանյակների և նրանց անունով գրանցել իր բիզնեսների այն հատվածը, որը չի հարկվում: Մինչ ամբողջ հայ հասարակությունը սրտատրոփ սպասում է այդ սկանդալային ցուցակի հրապարակմանը, որոշ գործիչներ ակնհայտ անհնագստության նշաններ են ցուցաբերում:

Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր էր նախկին ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի 1in.am-ին տված հարցազրույցը, որտեղ վերջինս ակնհայտ անհանգստության նշաններ է ցուցաբերում. «Եթե խոսքն այն մասին է, որ եղել է գործարարություն և չեն վճարվել հարկեր, դա եղել է հետևանք: Պետք է հասկանանք՝ ո՞րն է եղել պատճառը, ինչպե՞ս է եղել, որ ՀՀ տնտեսական համակարգում, որը տոտալ վերահսկողության տակ է եղել պատկան մարմինների կողմից, հայտնվել են մարդիկ, որոնք կարողացել են այլ անձանց անձնագրերով հիմնադրել բիզնեսներ, ստանալ եկամուտներ և չմուծել համապատասխան հարկեր: ԱԱԾ-ն էլ է այդ պատկան մարմիններից: Եթե ԱԱԾ-ն իր մեջ քաջություն է գտել ինքնամաքրման պրոցես սկսելու, միայն կարելի է ողջունել: Ես կցանկանայի, որ ԱԱԾ-ն խոսեր ոչ միայն տնտեսական գործունեություն ծավալած և հարկեր չմուծած անձանց, այլ նաև այն անձանց մասին, որոնց տարբեր քաղաքական կառույցներ ներդրել են որպես գաղտնի գործակալ, որոնք զբաղվում էին քաղաքական գործունեությամբ, սակայն իրականացնում էին ԱԱԾ հանձնարարությունը»,- հայտարարում է Արսենյանը:

Այսինքն` Արսենյանը պահանջում է, որ ԱԱԾ-ն բացահայտի ոչ միայն ստվերային տնտեսությունը, այլ նաև ստվերային քաղաքականությունը, որտեղ կան ներդրված գործակալներ: Ո՞ւմ է ուղղված  Գուրգեն Արսենյանի այս ակնարկը: Նա նկատի ունի, որ համազգային շարժման կամ նույն Նիկոլ Փաշինյանի թիմում կան ԱԱԾ-ի կողմից ներդրված լրտեսնե՞ր: Եթե այո, ապա գուցե բացահայտումներ էլ անի, առավել ևս, որ Գուրգեն Արսենյանը հրապարակավ չի թաքցրել իր ակնհայտ համակրանքը Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած շարժման հանդեպ: Սակայն շարժման առաջնորդին աներկբա ողջույններ հղած նախկին պատգամավորը, ով, ի դեպ, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է (կարողությունը գնահատվում է 15 մլն դոլար` պաշտոնապես) նույն ոգևորությամբ չի խոսում ԱԱԾ ցուցակի մասին: Հակառակը` նրա մոտ անթաքույց անհանգստության նշաններ կան, ինչից թերևս պետք է ենթադրել, որ ԱԱԾ 350 հոգանոց ցուցակում կան նաև Գուրգեն Արսենյանին քաջ հայտնի անուններ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: