Հայկական հզոր զենքը Նեթանյահուի ձեռքում

May 25, 2018 Comments Off on Հայկական հզոր զենքը Նեթանյահուի ձեռքում

«Իսրայելը նույնպես դիտարկվում է որպես ՀՀ բարեկամ երկիր, որտեղ ՀՀ-ն ունի լուրջ պատմամշակութային ներկայություն»,- ԱԳՆ-ում երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իսրայելի հետ գործակցության ուղղությամբ նոր հնարավոր քայլերին, ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հավելել է. «Մենք չենք կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում Իսրայելում: Այդ երկրում դեսպան ունենալու մտադրությունը հենց այդ նպատակն է հետապնդում»: Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվելու Արմեն Սմբատյանը: Տիգրան Բալայանն ընդգծել է՝ Իսրայելի հետ գործակցության ուղղությամբ դեռ նախորդ տարվանից որոշակի քայլեր են ձեռնարկվել. «Այդ ուղեգիծը շարունակական է լինելու»:

Պաշտոնական Երևանի կողմից, այսպիսով, ուշագրավ մեսիջ է ուղղվել Իսրայելի ուղղությամբ: Արդեն նկատելի է, որ Երևանը մեկ-երկու տարի է, ինչ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքեր է գործադրում: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, ապա ՀՀ իշխանությունների այցը Իսրայել, հարաբերությունները որոշակի մակարդակի մասին են վկայում:

Պաշտոնական Երևանի կողմից հայտարարությունները ուշագրավ ֆոնին են տեղի ունենում: Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-սիրայելական հարաբերությունների լարված ֆոնին «Facebook»-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ էր հանել միջազգային մամուլում։

«Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։ Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն սսկվեք»,-գրել է Իսրայելի վարչապետի որդին։

Իհարկե, Հայոց Ցեղասպանության թեման մշտապես եղել է թուրք-իսրայելական հարաբերությունների «պարզաբանման» թեմա, և առումով, իհարկե, Հայաստանի համար դուրեկան չէ, որ Իսրայելը հիշում է Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի հետ հարաբերությունների լարման ֆոնին:

Անցյալ շաբաթ Թուրքիան հետ կանչեց Միացյալ Նահանգների և Իսրայելի իր դեսպաններին: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ իսրայելցի զինծառայողները սպանեցին պաղեստինցի 60 ցուցարարի, որոնք փորձում էին հատել Գազայի հետ սահմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Իսրայելի գործողությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի պատասխան Twitter-ում գրեց. «Կարծում եմ նա իրավունք չունի բարոյականության դասեր տալ մեզ», ներկայացնում է aravot.am-ը:

Էրդողանի հարձակումը բաց արեց հնարավորության պատուհան ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Երուսաղեմի համար՝ կոտրելու տասնամյակներ շարունակվող հերքումն ու միանալ պատմաբաններին, մի շարք կառավարություններին՝ քրիստոնյա հայերի դեմ գործած իրական ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որը Թուրքիան շարունակում է ժխտել մինչ օրս՝ գրում է Bloomberg պարբերականում Թերեզա Ռաֆայելը: Bloomberg-ը հիշեցնում է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին և իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից, որը վաղուց չկա, բայց Մերձավոր Արևելքում պատմությունը կրկնվում է:

«Թուրքիան իր քաղաքականությունն է դարձրել կուրորեն մերժել ցեղասպանությունը և պահանջում է լուռ համաձայնվել այս ստի հետ՝ որպես Իսրայելի և այլ երկրների հետ լավ հարաբերությունների գին: 2011թ., երբ Ֆրանսիան ճանաչեց ցեղասպանությունը, Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային Ալժիրում ավելի վատ արարքներ իրագործելու համար: Հինգ տարի հետո, երբ Գերմանիան հետևեց այս քայլին, Էրդողանը կրկին հարձակում գործեց. «Նայեք ձեր սեփական պատմությանը: Դուք հպարտ եք, որ մարդկանց ողջ-ողջ այրել եք վառարաններում»: Չնայած նման հռետորաբանությանը՝ շուրջ 30 երկիր հայերի զանգվածային սպանությունները որակել են որպես «ցեղասպանություն»:

Իսրայելը և ԱՄՆ-ը նրանց թվին չեն պատկանում: Տարիներ շարունակ Ամերիկայի հայ համայնքը դիմել է կառավարությունը ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջով: ԱՄՆ-ի նախագահները, գործելով փորձագիտական կարծիքների և թուրքական լոբբիի ճնշման ներքո, զերծ են մնացել այդ քայլից: Այս տարի՝ հիշատակման օրը, նախագահ Թրամփը հանդես եկավ հայտարարությամբ՝ խուսափելով «Թուրքիա» և «ցեղասպանություն» բառերից: Մոտ մեկ ամիս անց Էրդողանը գնահատեց Թրամփի «քծնանքը» ՝ պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները որակելով որպես ցեղասպանություն: Լավագույն պատասխանը, որ կարող է տալ հիմա Թրամփը, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն է: Միևնույն ժամանակ Էրդողանի բռնկումը և Իսրայելի դեսպանի դեմ բռնությունը Անկարայից տուն վերադառնալու ճանապարհին, նոր կրքեր բորբոքեցին Երուսաղեմում: Քնեսետի երկու անդամներ՝ Ամիր Օհանան և Իցիկ Շմուլին, կոչ են արել կոտրել հայկական հարցի վերաբերյալ իսրայելի նյարդայնացնող լռությունը: Այդ լռությունը զուտ պրագմատիզմի հարց էր: Երբ Թուրքիան արևմտամետ երկիր էր, Իսրայելը վստահում էր վերջինիս որպես ռազմավարական գործընկերոջ արաբական թշնամական երկրների հարևանությամբ: Այս հիմնավորումն արդեն արդիական չէ: Իսրայելն այժմ կարող է հոգ տանել իր մասին: Եվ Էրդողանը, որը ձգտում է խալիֆ դառնալ, այժմ թշնամի է: Այն բանից հետո, երբ նա Իսրայելին մեղադրեց զանգվածային սպանությունների մեջ, զանգ ստացավ իր նոր լավագույն ընկերոջից՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիից, որը գովեց նրան՝ իսլամական համերաշխության, «Մեծ և փոքր սատանաներին» դիմակայելու համար՝ ի նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Իսրայելում հանգամանքները փոխվել են: «Շատ ուշ չէ արդարություն հաստատելու համար»,-ասում է Կնեսետի անդամ Օհանան: «Երբ Հիտլերը Վերմախտի սպաներին ներկայացրեց Լեհաստանում զանգվածային ոչնչացման ծրագիրը, այդ թվում կանանց և երեխաների, ասաց. «Ո՞վ է այսօր խոսում Հայոց ցեղասպանության մասին»: Միայն այդ պատճառով մենք արդեն պետք է պաշտոնապես ճանաչած լինեինք այդ ցեղասպանությունը»:

Իշխող կոալիցիայի առնվազն հինգ նախարար կողմ են արտահայտվել Թուրքիային պատժելու և ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Նրանց թվում է նաև Քնեսետի խոսնակը և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: Դժվար է հիշել միջկուսակցական նման խանդավառություն: Բայց ոչինչ չի փոխվի առանց Նեթանյահուի: Ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չի կարող անցնել առանց նրա համաձայնության, չի կարող լինել նաև նոր դիվանագիտական քաղաքականություն, քանի որ նա նաև Իսրայելի արտգործնախարարն է: Նեթանյահուն ռազմավարական մտածող է, և Թուրքիան, դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, գահերի տարածաշրջանային խաղերի խաղացող է: Նա պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այն պարագայում, եթե դա բխի իր շահերից: Գուցե սա սխալ պատճառ է, բայց այս անգամ ինչպես Իսրայելի, այնպես ԱՄՆ-ի համար ազգային շահերը և բարոյական պարտքը համընկնում են: Ֆանատիկների դեմ պայքարում ճշմարտությունը հզոր զենք է»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: