ՀՀԿ-ում հուշում են՝ որտեղ գտնել «հանցագործներին»

May 23, 2018 Comments Off on ՀՀԿ-ում հուշում են՝ որտեղ գտնել «հանցագործներին»

Ազգային անվտանգության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումներ կլինեն, խաթարել է ՀՀԿ-ականների անդորրը։

Ազգային ժողովում նրանք առերեւույթ ինքնավստահություն էին ցուցադրում, բայց ներքուս վախեր ունեն, որ բացահայտումների շղթան չի շրջանցի իրենց նույնպես։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ինքը վախենալու ոչինչ չունի ու բացատրեց, թե ինչու․ «Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», – ասաց նա՝ անուղղակի ցուցմունք տալով, որ «հանցագործներին» պետք է փնտրել ՀՀԿ-ի այն շերտում, որտեղ քաղաքականությամբ չեն զբաղվում։

Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան․«Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար»։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»:

ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային գեներալ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն անգամ չի վախենում հնարավոր բացահայտումներից: «Ինչ որ կարող է բացահայտվել, դա վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ էդ հարցով»,- ինքնավտստահ հայտարարեց նա։ Հարցին, թե չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուց, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և դաստիարակության համաձայն»: Նա առավել քան վստահ է, որ որեւէ բան ժամանակի ընթացքում չի կոծկվել եւ ուրեմն չի վախենում, որ օֆշորի գործը նորից կվերաբացվի․«Ես շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի, որ մեկ անգամ ևս մեր հասարակությունը համոզմունք ապրի, որ ինչ ասել եմ, դա միայն ճշմարտություն է եղել: Ես պնդում եմ, որ իրավապահ մարմինները բացահայտել են անհայտ ու հայտնի բոլոր անկյունները: Եվ այն, ինչ այսօր մենք ունենք, իրականություն է»։

Եւ նույնիսկ չի մտահոգվում Արմավիրի բդեշխներից Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն «Ես մտահոգվելու տեղիք չունեմ»։ Իսկ ովքե՞ր ունեն մտահոգվելու առիթ, պատգամավորն ասաց, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ: Իսկ գեներալ Սեյրան Սարոյանն էլ իր ոճով ցրեց թեման․«Թող բացահայտեն, որ վերջապես տեսնենք՝ ովքեր են դրանք»։ Այսպիսով՝ ՀՀԿ-ականների պատասխանները լուրջ մարտահրավեր է ոչ միայն ԱԱԾ-ին, այլեւ Հայաստանում իրավական բոլոր կառույցներին, միայն այն փաստը, որ նրանք գործարարներ են ու Սահմանադրության խախտումով հայտնվել են խորհրդարան, արդեն կարող է նրանց համար մտահոգության առիթ հանդիսանալ։ Գուցե ՀՀԿ-ականները կանխատեսում են, որ ԱԱԾ պետի հայտարարությունը սոսկ մնալու է թղթի վրա եւ ինչպես միշտ այս անգամ էլ «զոհաբերվելու» են մանր ձկները։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: