Լարումը մոտեցավ գագաթնակետին. «Դուք ո՞վ եք», Ռոհանին՝ Թրամփին

May 25, 2018 Comments Off on Լարումը մոտեցավ գագաթնակետին. «Դուք ո՞վ եք», Ռոհանին՝ Թրամփին

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում` պատմության ընթացքում ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական կուրսը, նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում ՝ Heritage ոչ-կառավարական հիմնադրամում:

Պետքարտուղար Փոմփեոն շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները ողջ ծավալով սահմանվելու դեպքում Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության գոյությունը պահպանելու համար։ «Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք իրանական ռեժիմի նկատմամբ։ Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում։ Պատժամիջոցները միայն կխստացվեն և կդառնան ավելի ցավոտ, եթե Իրանը չփոխի կուրսը», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կմեղմացնի պատժամիջոցները միայն այն պարագայում, եթե տեսանելի փոփոխություններ լինեն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հաջորդում են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Իրանի և գերտերությունների միջև 2015թ. կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Թրամփի գնահատմամբ «խիստ անհաջող և ձախողված» այդ պայմանագիրը նախատեսում է հետզհետե չեղարկել Իրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը երկարաժամկետ ապագայում հրաժարվում է ուրանի հարստացման ծրագրից:

Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապա սառեցրել են Իսլամական Հանրապետության շուրջ 100 միլիարդ դոլարի գումարները արևմտյան բանկերում:

Այս պայմանավորվածությունների ընդդիմախոսների, այդ թվում՝ Թրամփի հիմնական առարկությունը ուրանի հարստացման սահմանափակումների վերացմանն է վերաբերում: Ըստ փաստաթղթի, 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ փորձագետների հաշվարկներով արդեն 15 տարի անց Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվելու միջուկային զենքի ստեղծմանը:

Հրաժարվելով «պատմական» անունը ստացած այդ համաձայնագրից՝ Վաշինգտոնը հայտարարել էր Թեհրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, մինչ այդ, սակայն, առաջ քաշելով 12 պայման։ Ամերիկյան իշխանությունները մասնավորապես պահանջում են, որպեսզի Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը և երբեք չզբաղվի պլուտոնիումի վերամշակմամբ, բացի այդ՝ Իրանը պետք է հրաժարվի բալիստիկ հրթիռների տարածումից և հետագա փորձարկումներից, ինչպես նաև նվազեցնի ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում։

Թեհրանի արձագանքը բավական կոշտ է: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Միացյալ Նահանգները չունի Թեհրանի փոխարեն որոշումներ կայացնելու արտոնություն: Ռոհանին այդ հայտարարությամբ պատասխանել է Իրանի նկատմամբ նոր կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի երեկվա հայտարարությանը:

«Աշխարհն այսօր չի ընդունում այն, որ Միացյալ Նահանգները պետք է որոշումներ կայացնի աշխարհի համար, երկրներն իրենց անկախությունն ունեն», – ասել է Հասան Ռոհանին և հավելել. – «Դուք ո՞վ եք, որ աշխարհի և Իրանի փոխարեն վճիռներ կայացնեք»:

Ռոհանին արձագանքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերադարձել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի քաղաքականության դարաշրջան և հանդես է գալիս 2003-ին հնչեցրած նույն հայտարարություններով»: «Այդօրինակ հայտարարությունների ժամանակն անցել է, Իրանի ժողովուրդը հարյուրավոր նման հայտարարություններ է լսել և այլևս ուշադրություն չի դարձնում», – ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս 2015թ. վեց գերտերությունների և Իրանի կնքած համաձայնագրից, քանի որ այդ փաստաթուղթն Իրանին ընձեռում է ատոմային ռումբի վրա աշխատանքը և աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունը շարունակելու հնարավորություն: Թրամփի վճիռը ողջունել էին Իսրայելը և արաբական մի շարք երկրներ, Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը գերադասում են կատարել պայմանագրի դրույթները:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: