Դատարանի դահլիճից ազատ արձակել Սամվել Բաբայանին. Նիկոլ Փաշինյանն աջակցում է

May 23, 2018 Comments Off on Դատարանի դահլիճից ազատ արձակել Սամվել Բաբայանին. Նիկոլ Փաշինյանն աջակցում է

Քաղբանտարկյալների խնդիրը կարծես թե դառնում է նոր կառավարության և նրա ղեկավարի աքիլեսյան գարշապարը: Հեղափոխության հարթակից հնչող՝ «օր առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին» լոզունգը իրացվելիության խնդիր ունի: Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հայտարարում է, թե ինքը չի պատրաստվում զանգել դատավրին կամ դատախազին, չի կարող այս իրողության հետ հաշվի չնստել: Քաղբանտարկյալների կամ ավելի ճիշտ այն անձանց խնդիրը, ում հանրային ընկալման մեջ ընդունված է անվանել քաղբանտարկյալ, միատարր չէ, ուստի լուծումներն էլ միանման չեն կարող լինել: Ըստ այդմ՝ «Սասնա ծռեր»-ի ու պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործերը տարբեր հարթություններում են գտնվում, չնայած որ  Բաբայանի ու «Ծռեր»-ի կողմնակիցները նույն ժամին բողոքի ակցիաներ  են կազմակերպում՝ համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի և գլխավոր դատախազության դիմաց:

Իրավական տեսանկյունից Սամվել Բաբայանի ազատ արձակման շանսերն այս պահին ավելի ռեալ են: Սամվել Բաբայանի գործով դատաքննությունն արդեն ավարտվել է, կան Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաննների՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները, որոնք այժմ բողոքարկման են ներկայացված Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ էր թողել: Այժմ 6 տարվա ազատազրկման վճիռը բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում՝ արդարացման պահանջով: Վճռաբեկը եռամսյա ժամկետում պետք է կա՛մ վարույթ ընդունի գործը, կա՛մ էլ, առանց կողմերի մասնակցության, գործը վարույթ չընդունելով, անփոփոխ թողնի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավճիռը: Նշված եռամսյա ժամկետից 1 ամիսն արդեն անցել է, սակայն Վճռաբեկ  դատարանը կարծես թե չի շտապում գործը վարույթ ընդունել: Մայիսի 21-ին արդեն հաստատվեց, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը ներկայացրել են միջնորդություն: Այսինքն՝ գործը վարույթ ընդունելու պարագայում Վճռաբեկ դատարանը անմիջապես կարող է, հիմք ընդունելով պատգամավորների երաշխավորությունը, Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխել՝ կալանքի փոխարեն ընտրելով ստորագրությամբ չհեռանալը: Բայց այդ քայլն արդեն կնշանակի, որ դատարանը հակված է նաև գնալ արդարացման դատավճռի: Այս իմաստով, ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, ակցիաները դատարանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում, որպեսզի նախ՝ հնարավորինս արագ գործն ընդունվի վարույթ, և երկրորդ՝ մինչև գործի քննությունը փոխվի խափանման միջոցը, և Բաբայանն ազատ արձակվի դատարանի դահլիճից, ինչպես դա եղավ Անդրեաս Ղուկասյանի պարագայում:

Ինչ վերաբերում է նոր կառավարություն-քաղբանտարկյալներ-դատարաններ եռանկյունուն. ըստ էության «Ելք»-ի երկու պատգամավորների միջնորդությունը փաստում է, որ վարչապետն ու նրա թիմը աջակցում են քաղբանտարկյալներին, տվյալ պարագայում՝ Սամվել Բաբայանին: Վճռաբեկ դատարանը սա կարող է ընդունել որպես Փաշինյանի կողմից անուղղակի կոչ՝ օր առաջ ընթացք տալ Սամվել Բաբայանի գործին և ազատ արձակել նրան:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: