Ոչ թե դոշակի տակ, այլ ուղիղ Փարիզ կամ Լոս Անջելես

May 25, 2018 Comments Off on Ոչ թե դոշակի տակ, այլ ուղիղ Փարիզ կամ Լոս Անջելես

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ հեղափոխության ընթացքում Հայաստանից գումարների արտահոսք տեղի չի ունեցել: Արթուր Ջավադյանը կտրականապես հերքել է տեղեկությունը, թե թավշյա հեղափոխության օրերին Հայաստանից 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս բերվել. «Երկրում չկա 10 մլրդ դոլար, որ դուրս գա: Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, որ ունի այդքան գումար»: Հստակեցնող դիտարկմանը`այդ գումարը պատկանում է ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսմենների, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:

Պատգամավորներից մեկը ԿԲ նախագահից հետաքրքրվել է` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով փողի արտահոսք եղե՞լ է երկրից։ Չնայած հեղափոխության օրերին՝ ապրիլի վերջին և մայիսի սկզբին խոսակցություններ էին շրջանառվում, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց գումարները տեղափոխում են Հայաստանից՝ Արթուր Ջավադյանը պատասխանել է, թե նման բան չկա. «Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մարդիկ հանել են, տարել պահել են կամ դեպոզիտարիաներում, կամ դրել դոշակի տակ, հետո նորից բերել դրել են բանկում»,- բացատրել է Արթուր Ջավադյանը և ավելացրել, որ նման քայլի դիմած մարդիկ բավական տուժել են, քանի որ խզել են երկարաժամկետ ավանդը և կորցրել են ավելացվող տոկոսագումարներ։ Արթուր Ջավադյանը հրաժարվել է հրապարակել բանկերից հանված ավանդների չափը: Կենտրոնական դրամատան ղեկավարը, չկոնկրետացնելով թիվը, նշել է, որ խոսքը տասնյակ միլիոնների մասին է: Միաժամանակ Արթուր Ջավադյանը հավատացրել է, թե բանկերից հանված գումարների 50 տոկոսից ավելին մայիսի 10-ից հետո արդեն իսկ վերադարձվել է բանկեր։ Հարցին` իշխանափոխությունից հետո կապիտալի արտահոսք կա՞, Արթուր Ջավադյանը պատասխանել է` կանխիկ փողերի արտահոսքը ՀՀ-ից օրենքով արգելված է, սահմանափակում կա, իսկ ոչ կանխիկ ձևով արտահոսքը ԿԲ-ն վերահսկում է և ըստ այդմ՝ կարող է փաստել՝ արտառոց իրավիճակ չկա:

Իրավիճակի արտառոց կամ ոչ այնքան արտառոց լինելն անշուշտ կերևա բանկային ոլորտի ամփոփ ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո: Բայց տվյալ պահին Արթուր Ջավադյանը չի կարողացել տեղը տեղին լղոզել իրավիճակը և ակամայից հակասել է ինքն իրեն: Տեսեք՝ մի կողմից Արթուր Ջավադյանը պնդում է, թե Հայաստանից գումարներ դուրս չեն բերվել, մյուս կողմից էլ արձանագրում է, թե բանկերից ետ վերցրած ավանդների միայն 50 տոկոսն են մայիսի 10-ից հետո վերադարձվել բանկեր: Իսկ ի՞նչ են եղել չվերադարձված ավանդները: Արթուր Ջավադյանը իսկապե՞ս հավատում է, որ դրանք պահ են տված ինչ-որ մեկի դոշակի տակ: Մեր մեջ ասած՝ դոշակի տակ փող պահելու ժամանակները վաղուց են անցել, և բանկերից հանված ու ետ չվերադարձված գումարներն էլ վստահաբար արդեն ուղևորվել են Փարիզ, Լոս Անջելես կամ էլ արտասահմանյան որևէ այլ երկիր:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: