Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին

May 22, 2018 1 Comment

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարար
պարոն Արայիկ Հարությունյանին
Arayik Harutyunyan

Հարգելի պարոն նախարար,
Չեմ կարծում, որ Անդինն այն ամսագիրն է, և ես այն մարդն եմ ում մասին կարելի է այդպիսի ակնարկ անել:
Ես այս տարի 70 տարեկան եմ դառնում և իմ ամբողջ գիտակցական կյանքը եղել է ծառայություն մեր ազգին և մեր պետությանը: Ես «Գարուն» ամսագրի խմբագիրն եմ եղել, ամսագիր, որը գրեթե բոլոր հայ ընտանքիներն էր մտնում, ես հրատարակել եմ «ԱՐ» շաբաթաթերթը, ստեղծել եմ առաջին հայկական անկախ հեռուստատեսությունը՝ նկատի ունեմ «ԱՐ» հեռուստաընկերությունը, և ես առաջինն էի, որ նաև ըստ էության հենց խոսքի ազատության պաշտպանության պատճառով՝ ժամանակի իշխանությունների վարած քաղաքականության արդյուքում ստիպված եղա թողնել իմ ստեղծած հեռուստատեսությունը: Ի դեպ, Գերագույն խորհուրդում և հետագայում նաև Ազգային ժողովում, հեղինակել եմ յոթ կարևոր օրենքներ, որոնք առ այսօր գործում են, որոնցիցի մեկը՝ «Մամուլի ազատության մասին» օրենքն է:
Իմ ամբողջ կյանքը ընթացել է հանուն խոսքի ազատության:
Երբ 1999 թվականին այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթը փակում էին ժամանակի իշխանությունները, «ԱՐ» հեռուստաընկերությունը առաջինն էր, որ պաշտպան կանգնեց, ինչը կարող է պարոն Փաշինյանը վկայել:
Իմ ամբողջ կյանքում ես ճանապարհ եմ բացել երիտասարդների համար, սկսած «Գարուն» ամսագրի օրերից, «ԱՐ» հեռուսատընկերության շրջանում և այսօր էլ՝«Անդին» ամսագրի էջերում Դուք կարող եք տեսնել հարյուրավոր երիտասարդների, ովքեր Անդինով են սկսել իրենց գրական ճանապարհը:
Կարծում եմ, պարոն նախարար, այդ հայտարարությունից առաջ ճիշտ կլիներ, որ ծանոթանայիք ամսագրին, նրա որդեգրած գրական, կրթական և մշակութային արժեքներին և խորհրդակցեիք դպրոցների և բուհերի հետ՝ իմանալու, թե ի՞նչ կարծիք ունեն, քանի որ ՀՀ և Արցախի բոլոր կրթական հաստատություններ մտնում է մեր ամսագիրը և նրան մեծ անհամբերությամբ են սպասում:
Անդին ամսագիրը տպագրվում էր Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ՝ 2013 թվականից, շարունակել է տպագրվել նաև նրա օրոք և այս տարիների ընթացքում Անդին ամսագրի պայմանգիրը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Ձեր հայտարարության մեջ Դուք նաև նշում եք 45 միլիոն դրամի մասին, որը երկու տարվա բաժանորդագրության գումար է, և ոչ՝մեկ: Իսկ ինչ վերաբերվում է ամսագրին հատկացված գումարների նպատակային ծախսելուն, համապատասխան մարմինները կարող են ցանկացած պահի ստուգել և պարզ կդառնա, որ այդ գումարը ծառայեցվել է բացառապես ամսագրի տպագրությանը:
Նշեմ նաև, որ ամսագիրը կյանք տվեց հանրապետությունում մարմրող գրական, մշակութային կյանքին և ճանաչում ձեռք բերեց ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ հայության շրջանում:
«Անդին» ամսագրին աջակցելը պատիվ է բերում յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության, և պետության վերաբերմունքը Անդինի նկատմամբ պետք է ոչ թե քննադատել,այլ պիտի դարձնել ավանդույթ և ոչ միայն Անդինի համար, այլ ամբողջ մամուլին ընդհանրապես:
Հ.Գ.
Այսու չմոռանամ ասել, պարոն նախարար, որ մեր նոր իշխանությունը առաջին հերթին գրահրատարակչությունը պիտի ազատի ԱԱՀ-ից, ինչը հասարակությանը հասու կդարձնի մամուլին, գրական մամուլին, գրքին և գրին ընդհանրապես, և վերջապես մենք կվերականգնենք ընթերցող ազգ լինելու մեր երբեմնի համբավը:

Հարգանքներով՝
«Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր
Մերուժան Տեր-Գուլանյան

Andin Amsagir Անդին ամսագիր

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին” հրապարակմանը

  1. Hakob Margaryan says:

    Պ-ն Տեր- Գուլանյան հանրությանը հայտնի է նաեվ, որ դուք, անցած լտպ, ռոբիկ, եվ վերջերս գործող թրքալրտես սեռժական հանցագործների իշխանությունների լափամանից օգտվելով, միշտ նրանց գովքը անող պալատական սազանդարի կերպարով եք հանդես եկել ու հանրության բացարձակ մեծամասնության կողմից միայն նողկանք ու հակակրանք էք վաստակել եվ արժի գոնե հիմա որպես ՄՏԱՎՈՌԱԿԱՆ, հանդես գաք որպես իշխանությունների բաց թողումների շտկամանն ուղղված ժողովրդահաճո, քննադատ ընդիմադրների արքերում, այլ ոչ թե էլի նույն սապոնվող պնակալեզի կարգավիճակում շարունակելու ձեր նողկանք առաջացնող գործելալկերպը…