Այդ «նկարչին» նշանակել են նույն գործին, բա ինչի՞ չեք ասում. lragir.am

May 21, 2018 Comments Off on Այդ «նկարչին» նշանակել են նույն գործին, բա ինչի՞ չեք ասում. lragir.am

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես ակցիաները, գործադուլները և այլն, հուշո՞ւմ են նախկին իշխանություններին իրենց սխալները։

– Մենք՝ նախկին իշխանություններս, Հայաստանում բոլոր թերություններով հանդերձ, կառուցել ենք ժողովրդավարական համակարգ, որտեղ դատական, օրենսդիր ու գործադիր իշխանություններն ունեցել են հստակ տարանջատում։ Ես թե որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, թե որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թե ԱԺ նախագահի տեղակալ ու պատգամավոր, երբեք իրավական խնդիրներին գնահատականներ չեմ տվել։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում երբևէ որևէ մեկը չի գտնի մի դեպք, որտեղ ես դատարանի որոշումներին տվել եմ գնահատական։ Դա դատական իշխանության մենաշնորհն է, և ես այստեղ որևէ գնահատական չեմ պատրաստվում հնչեցնել։

– Այդուհանդերձ, քաղբանտարկյալներ ունենալու հարցում չե՞ք կարծում, որ նախկին իշխանությունները սխալներ թույլ են տվել։ Նրանցից ոմանք այսօր արդեն ազատության մեջ են։

– Ես քաղաքական բանտարկյալ եզրույթի հետ համամիտ չեմ, առավելևս չկա որևէ միջազգային փորձագիտական գնահատական, որ Հայաստանում մեր իշխանության ժամանակաշրջանում եղել են քաղաքական բանտարկյալներ։ Եթե լիներ, դժվար թե ԵՄ-ն Հայաստանի հետ կնքեր նոյեմբերի 24-ի համաձայնագիրը։

– Բայց մենք նաև տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո խոսվում է քաղբանտարկյալների ազատության մեջ հայտնվելու մասին։

– Կա նոր իշխանություն, կա նոր կառավարություն, մարդիկ ունեն իրենց տեսլականը և բոլորովին պարտադիր չէ, որ իրենց կարծիքն իմ կարծիքի հետ համընկնի։ Շատ խնդիրներ կան, որոնց հետ ես համամիտ չեմ, շատ խնդիրներ կան, որոնք քննադատել են, այսօր իրենք մեզնից ավելի ջերմեռանդ ջատագովներ են դարձել։ Եթե մոռացել եք հիշեցնեմ՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան, Բելառուս։ Եթե պետք է, կարող եմ մեջբերումներ անել, թե ինչ էին ասում մեկ տարի առաջ, ինչ էր ասում այսօրվա վարչապետը Սոչիում։

Ես չեմ ուզում սլաքներ ուղղել, բայց նույն լրատվամիջոցներին, անկախ փորձագետներին հարց եմ տալիս՝ էդ որ նույն բանն անում էր ՀՀԿ-ն, հարձակվում էիք ՀՀԿ-ի վրա, ասօր նույնն անում է այսօրվա իշխանությունը, բայց մի տեղ չլսեցի, որ ԵՏՄ անդամակցությունը սխալ էր։

 Եթե այն ժամանակ սխալ էր, հիմա էլ ասեք՝ սխալ է։ Եթե  ՀԱՊԿ-ը սպառնալիք էր, հիմա էլ ասեք՝ սպառնալիք է։

Եթե Ռուսաստանի՝ զենքի վաճառքը վատ էր, հիմա էլ ասեք՝ վատ է։ Եթե Բելառուսն ու Ղազախստանը թշնամական վերաբերմունք ունեն, հիմա էլ ասեք, որ այդ երկրները թշնամական վերաբերմունք են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բա ինչի՞ չեք ասում։ Ամենակարևորը՝ մեզ քննադատում եք, որ մենք նկարում ենք 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այդ «նկարչին» դուք նշանակել եք նույն գործին։

Այսինքն, արձանագրում ենք երկու կարևոր փաստ. ՀՀԿ-ն տվել է Փաշինյանին 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և տվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին լավագույնս դիմակայող երկիր, և այն, ինչ մենք էինք ասում, այսօր նույն բանը Փաշինյանն է ասում։ Սա է գլխավորը, մնացածը էմոցիոնալ ու էյֆորիկ ֆոն է։ Եթե մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, արտաքին քաղաքականության մեջ էլ ճիշտ ենք վարվել, բա ո՞րն է խնդիրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: