Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

May 21, 2018 Comments Off on Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Բելառուսական Գորոդոկ քաղաքում կայացել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հուշարձանի բացումը կայացել է գերմանական շրջափակումից Գորոդոկի ազատագրման 75-ամյակի առթիվ:

«1943 թվականի նոյեմբերին Հովհաննես Բաղրամյանին նշանակել են Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատար: Դեկտեմբերի 13-31-ը Բաղրամյանի հրամանատարությամբ իրականացվել է Գորոդոկի գործողությունը, որի ժամանակ 1200 բնակավայր է ազատագրվել: Հովհաննես Բաղրամյանն իրեն դրսևորել է որպես առաջադեմ ռազմավար, որը հոգ էր տանում նաև ազատագրված տարածքների բնակիչների մասին», – հուշարձանի բացման ժամանակ ասել է Պատգամավորների Վիտեբսկի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռը՝ Հովհաննեսը:

 Բրոնզե կիսանդրին ավելի քան 200 կգ է կշռում: Քանդակի հեղինակներն են քանդակագործ Սպարտակ Հարությունյանը և Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: