Թրամփն ու Արցախը. Փաշինյանին ուղարկված առաջին ծիծեռնակը

May 23, 2018 Comments Off on Թրամփն ու Արցախը. Փաշինյանին ուղարկված առաջին ծիծեռնակը

Ինչպես արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նա իր շնորհավորական ուղերձում շեշտելով, որ անհամբերությամբ սպասում է համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, խոսել էր նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման մասին:

Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում ասել էր. «Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան»:

Եթե սա դիտարկենք ընդամենը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի խոսք՝ ապա այն որպես ուղերձ իհարկե, արտառոց չէ: Սակայն, հետաքրքրականն այստեղ Հայաստանում տեղի ունեցածն է, Փաշինյանի հռչակած հեղափոխական շրջանն է:

ԼՂ խնդրի լուծումը պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է որպես Հայաստանի պայծառ ապագային հասնելու հարցերից մեկը: Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Վաշինգտոնը Արցախի հարցում հայկական կողմին աջակից է լինելու մի շարք կարևոր հարցերում:

Խնդիրներից մեկն, իհարկե, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է ընդհանրապես կարգավորման գործընթացում:

Հաջորդ հարցն ավելի կոնկրետ է՝ Վաշինգտոնից կարելի՞ է ակնկալել ճնշումների գործադրում Բաքվի ուղղությամբ շփման գծում հետաքննության մեխանիզմների սահմանման ուղղությամբ:

Սրանք ընդամենը, այսպես ասած՝ տեխնիկական հարցեր են: Ադրբեջանն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող երկիր է՝ նավթային ծրագրերի առումով: Այս տեսանկյունից Թրամփը կարող է ցուցաբերել որոշակի լոյալություն Բաքվի նկատմամբ:

Սակայն հայաստանյան իրադարձությունները որոշակի առիթ են Վաշինգտոնի կողմից աջակցություն ակնկալելու ուղղությամբ: Իհարկե, չպետք է մոռանալ Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները: Որքանով նրանք կշարունակեն միասնական լինել ղարաբաղյան հարթակում:

Առաջիկայում, այսպիսով, մենք կարող ենք ստանալ որոշակի ազդակներ ղարաբաղյան խնդրի առնչությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից: Դրանք կարող են լինել առանձին ազդակներ:

Թրամփի ղարաբաղյան անդրադարձը դրա սկիզբը կարելի է համարել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: