Դատավորները հոգեբանորեն պատրաստ չեն Նիկոլ Փաշինյանի պահանջներին

May 21, 2018 Comments Off on Դատավորները հոգեբանորեն պատրաստ չեն Նիկոլ Փաշինյանի պահանջներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման հերթական թողարկումը նվիրել է դատական համակարգի խնդիրներին և հայտարարել, որ այուհետ դատավորները Բաղրամյան 26-ից կամ որևէ այլ կառավարական տնից զանգեր, ցուցումներ և հրահանգներ չեն ստանալու:

«Դա ինձ համար կարմիր գիծ է, և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովել երկու բան` առաջինը հնարավորություն տալ դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում կայացնել որոշումներ և երկրորդ` փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները»,- հայտարարել է Փաշինյանը և հույս հայտնել, որ հասարակությունը կպաշտպանի այդ մոտեցումը:

Նրա խոսքով` ներկայում օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիքներ ունեն և պետք այդ երաշխիքներից օգտվեն` ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ: Դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն ստանձնելու այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն պատասխանատվություն կայացնելու վճիռներ, ապա նաև պատասխանատվություն կրելու այդ վճիռների համար»,- ասել է Փաշինյանը: Նա նաև կարևորել է խափանման միջոցի ընտրության հարցում առավելապես կալանքն ընտրելու համատարած պրակտիկայից հրաժարվելը. Փաշինյանի կարծիքով` այն դեպքերում, երբ արդարացված չէ կալանավորումը, պետք է հրաժարվել կալանքից. «Պետք է խուսափել այն վիճակից, երբ կալանավայրերում լեփ-լեցուն է և որտեղ կալանավորները հերթով են քնում: Սրանք ուղղակի խոշտանգման երևույթներ են, և ուզում եմ հստակ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: Ես պաշտպանում եմ Արդարադատության նախարարի դիրքորոշումը. այն է՝ կալանավորների թիվը չպետք է գերազանցի կալանավայրերում քնելու տեղերին»,- ընդգծել վարչապետը:

Մոտեցումները ոչ միայն ճիշտ են, այլ նաև վաղուց սպասված: Անկախ և անկաշառ դատական համակարգը իրավական պետության և ժողովրդավարության կայացման թիվ մեկ նախապայմանն է:  Ազդեցիկ զանգերով և կաշառքով մարդկանց ճակատագրերը որոշելու խայտառակ պրակտիկայից պետք է վերջնականապես հրաժարվել. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց մի բան է գեղեցիկ ցանկությունը, որն իբրև տեսություն ձևակերպել է Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ բան՝ դրա իրագործումը:  Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրեն զեկուցվել է, թե դատական համակարգը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մատնվել է անգործության: Պատճառը հետևյալն է՝ տարիներ շարունակ դատավորները բազմաթիվ գործերով, հատկապես եթե դրանք առնչվել են քաղաքական պրոցեսներին ու իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, կայացրել են հրահանգավորված դատական վճիռներ: Հիմա, երբ իրավիկճակ է փոխվել և հայտարարվում է, որ այլևս որևէ զանգ ու հրահանգ չի լինելու, դատավորները հայտնվել են խուճապային իրավիճակում, որովհետև  գործընթացների ողջ պատասխանատվությունը միանգամից դրվում է դատավորների վրա:

Այստեղ առաջ է գալիս երկու խնդիր. առաջին՝ դատավորները պիտի կարողանան ստանձնել նման պատասխանատվություն. ի վերջո, եթե ընդունում ենք, որ այս կամ այն դատավորը վճռական որոշումներ է կայացրել իշխանական որևէ կենտրոնի հրահանգով, ապա նաև պետք է արձանագրենք, որ այդ նույն կենտրոնը տվյալ դատավորի համար երաշխիքներ է ապահովել: Այժմ, երբ չեն լինի այդ հրահանգները, կվերանան նաև երաշխիքները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Անգամ հոգեբանորեն մեր շատ դատավորներ այսօր պատրաստ չեն նման բարձր պատասխանատվության: Երկրորդ՝ միանգամից տրվող ազատությունը կարող է մեծացնել  կաշառակերության վտանգը, որի դեմն առնելու համար դատական թևերի հավասարակշռման մեխանիզմները պետք է շատ հստակ աշխատեն: Եվ վերջապես ամենակարևորը՝ ի՞նչ ենք հասկանում՝ դատավորը պետք է պատասխանատվություն կրի իր կայացրած որոշումների համար արտահայտության տակ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: