Նիկոլ Փաշինյանի խաղը դառնում է հետաքրքիր. ԱԱԾ-ի սկանդալային կոռուպցիոն ցուցակը

May 22, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի խաղը դառնում է հետաքրքիր. ԱԱԾ-ի սկանդալային կոռուպցիոն ցուցակը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, թե շուտով կոռուպցիոն խոշոր բացահայտումներ են լինելու. «Շուտով խոշոր կոռուպցիոն սխեմաներով գործունեություն ծավալած մարդկանց հետ կապված բացահայտումներ են լինելու: Արդեն իսկ նյութեր կան և շուտով կլսեք այդ մասին»,- ասաց ԱԱԾ ղեկավարը:

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված. նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել, սակայն նրանք հարկեր չեն մուծում: Պետք է այնպես արվի, որ այդ մարդիկ վերադարձնեն գողացած գումարները: Ըստ այդմ՝ բավական մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե, որի արդյունքում կբարձրացվեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը․ «Այդ գումարից նաև հնարավոր կլինի ապահովել որոշ պարգևավճարներ, իսկ հետագայում արդեն ստվերի կրճատման հետևանքվ հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը»։

Վանեցյանն ասել է նաև, որ նախկին պաշտոնյաների 95%-ին անձնապես ճանաչում է, սակայն դա կապ չունի. «Ում մասին եղել են հրապարակումներ, դրանք բոլորն ուսումնասիրվելու են և ընթացք է տրվելու: Հավաստիացնում եմ, որ իմ շփումները որևէ կապ չեն կարող ունենալ, իմ անունից որևէ մեկն այսուհետ որևէ արտոնության համար չի կարող խնդրել: Արդեն եղել է նման դեպք, ես խնդրել եմ ՊԵԿ ղեկավարին և ասել, որ իմ անունից որևէ մեկը որևէ բան չի կարող խնդրել, դա բացառվելու է»:

Սրանք հայաստանյան իրականության համար, իսկապես, բացառիկ սենսացիոն բնույթի հայտարարություններ են: Ամեն դեպքում, քանի դեռ այդ կոռուպցիոն սխամաներով անցնող 350 հոգու անունը դեռ հրապարակված չէ, դժվար է հավատալ արդյունքին: Բայց հատկանշականն այստեղ այն է, որ ցուցակը, որի մասին խոսել է ԱԱԾ նոր պետը, կազմվել է դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ, որովհետև ընդամենը մեկ շաբաթում ԱԱԾ նոր պետը հազիվ թե կարողանար նման ցուցակ կազմել: Մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկատվական արտահոսքեր եղել են ֆինանսական գաղտնի բուրգի, դրանում ներգրավված պաշտոնյաների և նրանց մերձավորների ստվերային գումարների մասին: Ըստ էության, այդ ցուցակները հատուկ ծառայությունների կողմից ժամանակին կազմվել և պահպանվել են որպես կոմպրոմատներ, որպեսզի ըստ անհրաժեշտության օգտագործվեն քաղաքական նպատակներով: Լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ տարբեր նախկին պաշտոնյաների անուններ են հայտնվել, հրապարակումներ են եղել օֆշորային բիզնեսների և հաշիվների մասին: Հրապարակումներ են եղել երկրից դուրս հանված հսկայական գումարների մասին:

Ենթադրաբար, ԱԱԾ-ն չէր կարող այդ բոլորը անարձագանք թողնել: Թե ինչ քայլեր են ձեռնարկվել նախկին իշխանությունենրի կողմից՝ հայտնի չէ: Նախկինում հրապարակավ շատ է խոսվել կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին: Արդյոք բանը հասե՞լ է թալանված գումարները պետական բյուջե վերադարձնելուն՝ հայտնի չէ, համենայն դեպս հրապարակային գործընթաց այդ ուղղությամբ չի եղել՝ չհաշված փոքր ծավալի կաշառքներ վերցնող մի քանի միջինից ցածր տրամաչափի պաշտոնյաների ձերբակալությունները: Արմատական քայլեր չեն արվել, որովհետև վերոհիշայլ 350-հոգիանոց ցուցակի անունները վստահաբար ամուր թելերով կապված են նախկին իշխանության կենտրոնական դեմքերի հետ:

Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վենդետաներ չեն լինելու: Այժմ էլ դատելով ԱԱԾ պետի խոսքից՝ խնդիրը պետական թալանը բյուջե վերադարձնելն է և ոչ թե մարդկանց բանտախցեր նետելը: Գումարները ետ բերելը գուցե վենդետայի թավշյա տեսակն է, բայց կարևոր է նաև, որ այն չվերածվի կուլակաթափության: Ցուցակի հրապարակումը ակնկալվում է մայիսի 23-ից հետո. սպասենք զարգացումներին:

 

 Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: