Նիկոլ Փաշինյանի առաջին շոուն

May 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի առաջին շոուն

Հայտնի դարձավ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանք ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ ազատ են արձակվել, քանի որ ոստիկանությունը հերթական պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ է իրականացնում: Քրեական հեղինակությունները պարբերաբար բերման են ենթարկվել կամ զենք պահելու կասկածանքով, կամ թիկնազորով շրջելու համար: Մասնավորապես շարքերում հիշատակվում է Վստրեչի Ապերի, Կանևոսկոյի անունները, որոնց սեփական թիկնազորի հետ հաճախ են հյուրընկալում ոստիկանությունում: Այսպիսով՝ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անցնում է գործի եւ իր <<փայ>> շոուն է բեմադրում:

Խնդիրն այն է, որ այս տեղեկատվությունը դեժավյուի տպավորություն է թողնում, նման պրոֆիլակտիկ հավաքներ եւ ավելի հուժկու հայտարարություններ գողականների հարցում դրսեւորել են նախորդ ոստիկանապետերը եւս: Սակայն վերջին քսան տարում գողականները սերտաճել են օրվա իշխանություններին այնքան,որ մեծ շահերի դեպքում տնտեսական ու իրավական վեճերը կայացվում են նրանց ազդեցության ներքո կամ անմիջական մասնակցությամբ ու թելադրանքով: Այս տարիներին նրանց շնորհիվ է իշխանությունն ապահովել իր վերարտադրությունը,ավելին, իշխանության մեջ որեւէ բարձրստիճան ազդեցիկ է եղել այնքանով, որքանով իր գողական թիկունքը,կամ ճիշտ հակառակը, ուստի իշխանությանը ծառայող ոստիկանության պարտքն է եղել աչքի լույսի պես պահել ու պահպանել գողականներին: Սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում ոստիկանություն չկա, օրենքով գողերի գերակտիվության շրջանում հաճախակի է նման պրոֆիլակտիկ շոուներ բեմականացվել, որն օգտագործվել է նաեւ ինչ-ինչ հարցեր լուծելու, որոշ կլանների վրա ազդելու եւ այլ նկատառումով: Գողականների դեմ անխնա պայքարի մասին պարծենում էր թե Ալիկ Սարգսյանը՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանում գողական չկա, պայքարում էր Վովա Գասպարյանը, ընդամենը մեկ տարի առաջ վստահեցնելով, թե գողականները <<գառան պես>> խելոք են: Սակայն իրականությունը հակառակի մասին էր փաստում: Պատահական չէ, որ հենց Հայաստանում են կազմակերպվել գողական մեծ սխոդկաները, քանի որ ՀՀ ոստիկանությունն ու օլիգարխիան ամեն ինչ անում էին այդ սխոդկաները չտապալելու համար, զուգահեռ նման շոուներ բեմադրում՝ ցույց տալով, թե ոստիկանությունն իր տեղում է: Առհասարակ հասարակական կյանքում գողականներին և քրեածին տարրերին չեզոքացնել հաջողվել է միայն Վանո Սիրադեղյանին, քանի որ խնդիրը հստակ էր դրված, քաղաքական կամքն առկա էր, շոուները քիչ: Ոստիկանությունը եթե ցանկանա, ապա ցանկացած գողական կերպար՝ անկախ նրանից նա օրենքով գող է, թե սովորական քրեական հեղինակություն կամ փողոցային գրպանահատ, հաշված օրերի ընթացքում գառից էլ խելոք կդառնա, որովհետև պետությունը ունի բոլոր լծակները, և կարող է նրանց հարցերը լուծել: Եւ այդ ամենը կարող անել առանց շոուների, առանց նախորդների հետքերով գնալու:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: