Նիկոլ Փաշինյանի ռիսկային մտադրությունը

May 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի ռիսկային մտադրությունը

ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ <<Մերժի՛ր Սերժին>> նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը նշանակվելու է վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀԺ-ի հարցին ի պատասխան, պարզաբանել է, որ այս տարբերակը քննարկվում է, բայց դեռ վերջնական որոշում չկա: Վարչապետի վերահսկողական ծառայությունը նորաստեղծ գերհզոր կառույց է, որն իր մեջ ներառում է նախկին նախագահի վերահսկողական ծառայության, ինչպես նաև վարչապետի և ֆինանսների նախարարության վերահսկողությունները:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր սահմանադրությամբ՝ հանրապետության նախագահը չունի վերահսկողական լիազորություններ, հետևաբար նաև վերահսկողական ծառայության անհրաժեշտությունը բացակայում է: Փոխարենը նոր սահմանադրությամբ ընդլայնվել են վարչապետի վերահսկողական լիազորությունները պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ, որի արդյունավետ իրականացմամբ էլ պայմանավորված է պետական նոր գերհզոր կառույցի՝ վարչապետի վերահսկողական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

Վերահսկողական ծառայության ղեկավարն ունի լայն լիազորություններ. նա այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ: Նա անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին, կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ: Վերահսկողական ծառայությունն իրավասու է ուսումնասիրություններ անցկացնել պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, հետևել կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքին, ինչպես նաև վերահսկել hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարումը:

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկում է նաև ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց և ընդհուպ մինչև Կենտրոնական բանկի գործունեությունը: Վերահսկողական ծառայության ղեկավարին տրված են լայն լիազորություններ՝ ուսումնասիրվող կառույց մուտք գործելու, ուսումնասիրություններ կատարելու համար։ Նա վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին, ինչպես նաև ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ այդ թվում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ։ Բացի այդ՝ կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (նաև՝ էլեկտրոնային) հետազոտում, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում։

Այսինքն՝ վերահսկողական ծառայությունը երկրի ղեկավարի աչքն ու ականջն է ողջ պետական համակարգում: Սա այն պոստն է, որտեղ կարող է նշանակվել երկրի ղեկավարի բացառիկ վստահությունը վայելող և որ, պակաս կարևոր չէ, պետական կառավարման համակարգի տրամաբանությունն ամբողջությամբ հասկացող և  պատկերացնող անձնավորություն: Վերահսկողականը հենց այն կառույցն է, որը պետք է ամուր թիկունք ապահովի վարչապետին՝ նրան ներկայացնելով իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն և վերլուծություն: Առանց հզոր վերահսկողական ծառայության՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, չի կարողանալու արդյուանվետ կառավարել: Ի տարբերություն նախարարների, որոնք քաղաքական պաշտոններ են, վերահսկողական ծառայության պետի պաշտոնը մասնագիտական է: Այս տեսանկյունից Դավիթ Սանասարյանի նշանակումը չափազանց ռիսկային է, եթե ոչ վստահելիության, ապա մասնագիտական պատրաստվածության առումով հաստատապես: Ի դեպ, ինչո՞ւ Փաշինյանը այդ պաշտոնում չի դիտարկում, օրինակ, Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: