Նիկոլ Փաշինյանի առաջին պոպուլիստական սայթաքումը

May 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի առաջին պոպուլիստական սայթաքումը

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց առաջին պոպուլիստական սայթաքումը: Կառավարության նիստում նա հայտարարել է արագաչափերի և տեսախցիկների գործունեության կասեցման մասին. «Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար: Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ոստիկանության հետ համատեղ առաջարկություններ մշակել:

Առաջարկությունները դեռ մշակված չեն, սակայն եթե տեսախցիկների և արագաչափերի համակարգն ամբողջությամբ կասեցվի, ապա դա կարող է հանգեցնել երթևեկության վիճակի վատթարացման և վթարների, այդ թվում նաև մահվան ելքով, քանակի ավելացման: Ընդհանրապես վերացնել արագաչափերն ու տեսախցիկները ուղղակի չի կարելի՝ երկու պարզ պատճառով: Առաջին՝ ժամանակին, երբ ներմուծվում էր տեսախցիկների ու արագաչափերի համաակարգը, կային մասնագիտական պնդումներ, որ նպատակը երթևեկության կարգուկանոնի բարձրացումն է:  Եթե անգամ փաստ է, որ վարորդներից գանձված տուգանքները սպասարկել են առանձին մարդկանց շահեր, միևնույնն է, համակարգի վերացումը անմիջապես հարվածելու է ՃՏՊ կարգուկանոնին՝ սա փաստ է: Երկրորդ՝ համակարգի ներդրման համար կատարվել է հսկայական ծախս, ձեռք են բերվել սարքավորումներ, ստեղծվել է աշխատող մեխանիզմ, որից հրաժարվելը պարզապես անմտություն կլինի, առավել ևս, որ այլընտրանքային ավելի լավ առաջարկ չկա:

Խնդիր անշուշտ կա, և պետք է մտածել տուգանքների չափի նվազեցման, այդ նույն հոծ գիծ հատելու համար տուգանքի չկիրառման և էլի այլ հարցերի մասին: Բայց գործող համակարգը կործանել՝ ընդ որում առանց գնահատելու ռիսկերը, պարզ պոպուլիզմ է, ամբոխի քմահաճույքին տեղի տալու չմտածված քայլ: Մնում է հուսալ, որ մասնագիտական քննարկումների արդյունքում կգտնվի օպտիմալ լուծում, որը կբխի ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորի անվտանգ երթևեկության շահերից:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: