Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է. Զեյնալյան

May 17, 2018 Comments Off on Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է. Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:«Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած  հոդվածը հենց  երրորդն է, որտեղ ամրագրված  է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու իրավունքները, և որ հանրային իշխանությունը  սահմանափակված է  անմիջականորեն գործող իրավունքով: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետության բովանդակությունը, իմաստը, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է: «Երբ ասում ենք բարձրագույն արժեք, պետք է գիտակցենք, որ դրան հավասար ոչինչ չկա, չի կարող հավասարության մեջ դրվել որևէ այլ համակարգ, այլ արժեք»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը՝ վստահեցնելով, որ այսօրվա Կառավարությունը կոչված է իրականացնելու Սահմանադրության մեջ Հայաստանի ժողովրդի կողմից ներառված այդ առաջադրանքը: Նախարարի խոսքով, նոր Կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի  համաժողովրդական պայքարի արդյունքում արձանագրված բոլոր հարցերը ներառվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրում և լուծվեն:

Փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, այլք:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: