Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին

May 17, 2018 Comments Off on Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Շահեն Դանիելյանը, որը 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո մեկնել է Ստեփանակերտ օգնելու տեղի բժիշկներին:

 

Նրա խոսքով՝ զինվորներից շատերի մոտ համակցված վիրավորումներ էին. բարոտրավմա, տերմոտրավմա, կոտրվածքներ, բեկորային վիրավորումներ: Հայ բժիշկներն առաջին անգամ էին տեսնում այսպիսի վնասվածքներ: Սակայն նրանք կարողացան իրենց գործն անել: Շահեն Դանիելյանի՝ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մահվան ոչ մի դեպք չի եղել: Այսինքն՝ բոլոր վիրավորները, որոնց հաջողվել է հիվանդանոց բերել, փրկվել են: Ում անհրաժեշտ էր, Երեւան են տեղափոխել:

Ապրիլի 2-ին Շահեն Դանիելյանի ծննդյան օրն է: Եվ 2016 թվականի այդ օրը նա առավոտից շնորհավորանքներ էր ստանում ազգականներից ու ընկերներից, այդ թվում՝ Արցախից, քանի որ ինքն էլ ծնունդով այնտեղից է: Վաղ առավոտյան նրա արցախցի ընկերներն էլ դեռեւս ոչ մի բան չգիտեին: Բայց երբ կեսօրին մոտ Երեւանում հայտնի դարձավ հարձակման մասին, նա կրկին կապ հաստատեց Ղարաբաղի ընկերների հետ եւ իմացավ, որ հավաքագրում է ընթանում: Նա չէր կարող Երեւանում մնալ, եւ չնայած «Իզմիրլյան» ԲԿ-ում արդեն Ստեփանակերտ մեկնելու համար խումբ էին պատրաստում, նա ավելի վաղ մեկնեց՝ չսպասելով մյուսներին, եւ արդեն ապրիլի 3-ին Ստեփանակերտում էր:

«Ես Ստեփանակերտ մտա եւ չգիտեի ուր գնալ՝ հոսպիտալ, թե Հանրապետական հիվանդանոց: Ճանապարհն ամեն դեպքում անցնում էր Հանրապետական հիվանդանոցի մոտով, եւ որոշեցի մտնել, իմանալ՝ արդյոք օգնության կարիք կա: Հենց այդ պահին ԲԿ տնօրեն Կարեն Բազյանը անձնակազմի հետ խորհրդակցություն էր անցկացնում: Նա բոլոր ծառայություններին կարգադրում էր պատրաստվել վիրավորների մեծ հոսքի ընդունման»,- պատմում է նա: Ավարտելով՝ Բազյանը դիմել է Շահեն Դանիելյանին՝ ասելով. «Բարի գալուստ, բժիշկ, հագուստդ փոխի ու գործի անցի»: Այսպես ուրոլոգը մնաց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում:

Երիտասարդ բժիշկը հիշում է, որ հիվանդանոցի կին անձնակազմից գրեթե բոլորի ամուսինները, եղբայրները կամ երեխաները սահմանին էին: Շատերը նրանցից ոչ մի տեղեկություն չունեին: Սակայն անհողդողդ էին աշխատում: Երբեմն միայն վիրավորներին հարցնում էին՝ նրանց արդյոք որեւէ բան հայտնի է իրենց հարազատներից:

Ուրոլոգը մյուս վիրաբույժներին օգնել է համակցված վիրավորումների ժամանակ: Զուտ ուրոլոգիական միայն մեկ վիրահատություն է կատարել՝ առաջին փուլը, որից հետո վիրավորին Երեւան են տեղափոխել՝ «Իզմիրլյան» ԲԿ: Վիրահատության երկրորդ փուլը կատարել են Արթուր Գրաբսկին եւ Համլետ Դվոյանը: Զինծառայողը լիովին վերականգնվել է եւ նույնիսկ ծառայությունը շարունակել:

Շահեն Դանիելյանը հիմա հիշում է, որ այն օրերին Լեռնային Ղարաբաղ բժիշկների խմբեր էին գալիս երեւանյան բոլոր բժշկական կենտրոններից: Եվ բոլորը բերում էին անհրաժեշտ դեղորայք, բժշկական պարագաներ: Չնայած ռազմական բժշկության ռազմավարությունը փուլային մոտեցում է նախատեսում, եւ նեղ մասնագետներն աշխատում են վերջին փուլում, այն օրերին Ղարաբաղում աշխատում էին ե՛ւ անոթային վիրաբույժներ, ե՛ւ այրվածքաբաններ, ե՛ւ միկրո- ու նեյրովիրաբույժներ: Նրանց տեղաբաշխել էին Արցախի բոլոր հոսպիտալներում ու բժշկական կենտրոններում:

Երիտասարդ բժիշկը նշում է, որ բժիշկների թվում ինքը վերջինն է, որ պետք է խոսի այն օրերի մասին. «Ես այնտեղ տեսել եմ իմ ավագ ուսուցիչներին: Ես հանդիպեցի Միքայելյանի անվան ինստիտուտից Սերգեյ Հակոբյանին: Հարցրեցի. «Դուք ի՞նչ եք անում այստեղ», ինչին նա պատասխանեց. «Առաջին պատերազմից չավարտած գործեր ունեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: