Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ Սասնա ծռերը սխալ էին

May 19, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ Սասնա ծռերը սխալ էին

Անգլիական նախկին գաղութ հանդիսացող Հյուսիսային Ամերիկայի 13 նահանգներ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունեցին Անկախության հռչակագիր, որտեղ որպես սկզբունք արձանագրվում էր ապստամբության իրավունքը. «Եթե կառավարության որևէ ձև կործանարար է դառնում հենց այդ նպատակների համար, ապա ժողովուրդն իրավունք ունի փոփոխել կամ լուծարել այն եւ ստեղծել նոր կառավարություն՝ հիմնված իշխանության կազմակերպման այնպիսի սկզբունքների եւ ձեւերի վրա, որոնք, իր պատկերացմամբ, լավագույնս կապահովեն մարդկանց անվտանգությունն ու երջանկությունը»։
Ճիշտ նույնպիսի գաղափարներ՝ ավելի արմատական ձեւակերպմամբ շարադրված էին 1793 թվականին ընդունված ֆրանսիական «Իրավունքների հռչակագրում», որի երեսունհինգերորդ կետը սահմանում է. «Երբ կառավարությունը ոտնահարում է ժողովրդի իրավունքները, ապստամբությունը ժողովրդի եւ նրա յուրաքանչյուր հատվածի համար իր սրբազան իրավունքն ու անհետաձգելի պարտականությունն է»։
Սակայն ժամանակի հետ «ապստամբության իրավունքի» մասին պատկերացումները քաղաքակիրթ աշխարհում էականորեն փոխվեցին։ Մարդու իրավունքների հռչակագրում այլևս ապստամբությունը ծայրահեղ միջոց է դիտարկվում. «Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները պահպանվեն օրենքի իշխանությամբ, նպատակ ունենալով ապահովել այն, որ մարդը ստիպված չլինի որպես վերջին միջոց դիմել բռնապետության ու ճնշման դեմ ապստամբության»,- նշվում է հռչակագրի նախաբանում:
Իսկ ինչ վերաբերում է «ապստամբության իրավունք» ազդարարող ֆրանսիական «Իրավունքների հռչակագրին», ապա ընդունումից երկու տարի անց՝ 1795 թվականին, այն խմբագրվեց և հրապարակվեց «Տասնմեկի հանձնաժողովի» զեկույցը, որի անդամները «հանգամանորեն հոգ են տարել, որ ազատեն Հռչակագիրը անարխիստական բոլոր գաղափարներից»։
Ավելին՝ ֆրանսիական սահմանադրությունը լրացվեց երկու նոր հոդվածով, որոնք ըստ էության ուղղված էին ապստամբության դեմ՝ Հոդված 365. «Ժողովրդի ամեն մի զինված կուտակում ոտնձգություն է սահմանադրության դեմ։ Այն պետք է անմիջապես ցրվի զինված ուժի օգնությամբ», և Հոդված 366. «Ժողովրդի ամեն մի անզեն կուտակում նույնպես պետք է ցրվի, նախ՝ բանավոր պահանջ ներկայացնելով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զինված ուժի կիրառման ճանապարհով»։

 Սասնա ծռերի ապստամբությունը

Ապստամբության իրավունքի խնդիրը թավշյա հեղափոխության ալիքի տակ գտնվող նոր Հայաստանում արծարծել է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Վարուժան Ավետիսյանը՝ Սասնա ծռերի դատավարության ժամանակ. «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե՝ գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով՝ նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այն ազգը, ով մերժում է ապստամբության իրավունքը ու մոռանում է ապստամբներին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման: Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկաններին, ապա  ըստ Վ.Ավետիսյանի՝ ոստիկանությունը ռեժիմի զինված պահակն է եղել, և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը. «Բնականաբար, այդ ժամանակ կարող էին նաև լինել զոհեր, ինչպես ապստամբների, այնպես էլ՝ ոստիկանների շրջանում: Ցավալի զոհերով հանդերձ` գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի մեջ: Եթե փորձում է արվում իրավունքի, սահմանադրականության և արդարության հաշվին հաստատել համերաշխություն, պահպանել ձևական օրենք, պահպանել կեղծ սահմանադրություն, ապա շատ վտանգավոր քայլեր են կատարում»,- հայտարարել է նա:

Վարուժան Ավետիսյանի քննադատությունն ըստ ամենայնի ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նախօրեին հայտարարել էր, որ Սասնա ծռերի ազատության մասին խոսելիս պետք է նաև հաշվի նստել զոհված ոստիկանների հարազատների հետ: Փաշինյանը նաև նշել էր, որ բոլոր քաղբանտարկյալների ազատությունը պետք է իրագործվի բացառապես օրենքի շրջանակում. «Ես չեմ կարող բանատխցի դուռը  բացել և ասել՝ տղե՛րք, ազատ եք»,- ասել էր Փաշինյանը:

Նիկոլի հեղափոխությունը

Սասնա ծռերի՝ ՊՊԾ գնդի գրավման գործողությունից ընդամենը մեկուկես տարի անց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համաժողովրդական շարժման միջոցով Հայաստանում իրագործել թավշյա հեղափոխություն, որն ավարտվեց Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած ռեժիմի հրաժարականով: Այս ընթացքում ոչ մի զոհ չեղավ, ոչ մի կաթիլ արյուն չհեղվեց: Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունը լավագույնս փաստեց, որ Սասնա ծռերը սխալ էին, երբ հայտարարում էին, թե ռեժիմի դեմ պայքարելու այլ միջոց, բացի զինված ապստամբությունից, չկա: Փաստորեն կար, և դա շատ հրաշալի միջոց էր՝ հեղափոխություն՝ բաց ձեռքերով: Հետևաբար զինված ապստամբության դուրս եկած մարդիկ, ովքեր այսօր բանտում են, իրավունք չունեն ինքնահռչակվել, որպես քաղբանտարկյալներ և պահանջել անհապաղ ազատ արձակում: Իրենց ընտրած մեթոդը եղել է ծայրահեղ և ի սկզբանե դատապարտված պարտության: Իսկ զոհված ոստիկանների փաստի հետ հաշվի չնստել, կնշանակի հաշտվել այն մտքի հետ, որ այսուհետ որևէ ոստիկան պարտավոր չէ կատարել իր ծառայողական պարտքը և պահպանել իրեն վստահված տարածքը, օրենքն ու սահմանադրությունը: Սա անընդունելի և հակապետական մոտեցում է:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: