Գարեգին Չուգասզյանը կխոսի երկու օրից /լուսանկարներ/

May 17, 2018 Չի մեկնաբանվել

2016թ․ հուլիսից, «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանն ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, դուրս էր եկել փողոց և Հանրապետության հրապարակում մասնակցել համազգային ցուցին: Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, վերջինս Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել: Նույն ժամանակահատվածում Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այնուհետև՝ մայիսի 11-ին Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվում է, քանի որ նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացնում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ Չուգասզյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմից: Այսպիսով՝ Գարեգին Չուգասզյանին ազատ են արձակում, սակայն «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահը շարունակում է հացադուլը: Այսօր, արդեն 23-րդ օրն է, ինչ Գարեգին Չուգասզյանը հացադուլ է հայտարարել: Hayeli.am-ի լրագրողն այսօր փորձեց տեղեկանալ նրա առողջական վիճակից, և թե որքան է նա շարունակելու հացադուլը, որին ի պատասխան ասաց. «Ես ինձ լավ եմ զգում: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք: Իսկ, թե որքան եմ շարունակելու հացադուլը, և մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ երկու օրից»: Գարեգին Չուգասզյանը հստակ չասաց, թե ինչ ֆորմատով կլինի լրագրողների հետ հանդիպումը, և տեղեկացրեց, որ առաջիկայում անպայմանկ հայտարարի այդ մասին:

 

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Գարեգին Չուգասզյանը կխոսի երկու օրից /լուսանկարներ/”

Մեկնաբանել