процесс пошел

May 19, 2018 Comments Off on процесс пошел

Այն, ինչ այս պահին կատարվում է ողջ երկրով մեկ, կլասիկ անիշխանություն է: Ըստ էության, մենք գործ ունենք հեղափոխության  երկրորդ ալիքի կամ իներցիոն էֆեկտի հետ:

Հանքագործները գործադուլներ են անում և պահանջում են աշխատավարձի բարձրացում: Կաթ մթերողները ճանապարհ են փակել և պահանջում են կաթը մթերել բարձր գնով:
Սևանցիները փակել են Երևան-Սևան ճանապարհը և  եկեղեցուց հետ են պահանջում հողերը:
Մալաթիայի շուկայում փոքր առևտրականները գործադուլ են արել և պահանջում են վարձի նվազեցում:
Վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի դիմաց հավաքվել են տարբեր դժգոհությունների տեր մարդիկ` տաքսիստները պահանջում են լիցենզավորման կարգի փոփոխություն, ավտոներմուծողները պահանջում են ներմուծման կարգի փոփոխություն,
կարմիր գծերի վերացում, վարորդները հիշեցնում են, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր չեղարկել տեսախցիկների տուգանքները, մինչդեռ այսօր արդեն շատերը ԴԱՀԿ-ից ծանուցումներ են ստացել:
Կրճատված մոտ մեկ տասնյակ զինկոմիսարիատների աշխատակիցները Բաղրամյան 26-ի դիմաց պահանջում են աշխատանքի վերականգնում: Նաիրիտի աշխատողները կառավարության շենքի դիմաց ցույց  են անում`ավանդական հարցերով: Սասնա ծռերի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են փոխել ծռերի խափանման միջոցը:

Բնապահպան ակտիվիստները ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Շահումյան գյուղում էլ մի խումբ ծնողներ և ուսուցիչներ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը: Հնարավոր է, որ սա ցույցերի և պահանջների ամբողջական պատկերը չէ: Սակայն այս ալիքը, որ դեռ նոր-նոր է թափ հավաքում, վստահաբար լրացուցիչ տեմպ է ստանալու, որի տակից նոր կառավարությունը չի կարողանալու դուրս գալ: Նոր կառավարության նախարարներն ու փոխվարչապետերն ընդունել են ցուցարար քաղաքացիներին, բայց լուծման առաջարկներ և բանաձևեր չկան: Մեր երկրում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, ու դրանց համար լուծման պատրաստի դեղատոմսեր ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չկան ու չեն լինի:

Հասկանալի է, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք՝ խնդիրների մեջ խորանալու և իրավական ճանապարհով կարգավորումներ գտնելու համար: Սակայն այն, ինչ կատարվում է ողջ հանրապետությունով մեկ ինստիտուտների տոտալ մերժում է, որն առաջին հերթին ձեռնտու չէ գործող իշխանությանը: Կառավարության պորտֆելները վերցնելով` հեղափոխությունը չի ավարտվում. սա հասկանում են և՛ հեղափոխականների առաջնորդները, և՛ պղտոր ջրում ձուկ բռնողները: Հասկանալի է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը հեղափոխության ծրագրային կետերից է` սա հասկանալու համար մեծ խելք պետք չէ: Իսկ տաքսիստների, կաթ արտադրողների և Սասնա ծռերի՝ փողոցներ փակելու ակցիաները հազիվ թե  կառավարության համար ցանկալի լինեին: Սակայն ինչպես ԽՄԿԿ վերջին քարտուղար Միխաիլ Գորբաչովը կասեր` процесс пошел:

Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրն է՝ օր առաջ բոլոր գործընթացները տեղափոխել իրավական հարթակ, հակառակ պարագայում ալիքը, որ նրան բերեց իշխանության, շատ արագ գահընկեց կանի:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: