Հետողորմեա՞

May 17, 2018 Comments Off on Հետողորմեա՞

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունը դեռեւս ավարտված չենք կարող համարել, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում այն ընթացքի մեջ կմտնի նոր թափով, իսկ դրա նախադրյալներն այսօր արդեն երեւում են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ են մի քանի օր ակցիաներ կազմակերպվում, իսկ ԱԺ պետաիրավական նիստում Էդմոն Մարուքյանն էր մենամարտի դուրս եկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, որը հանձնաժողովին էր ներկայացնում տարվա կտրվածքով կատարված աշխատանքների հաշվետվությունը: Իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ Մարուքյանը քիչ էր մնում Արթուր Դավթյանին մի մուշտի տար ու հեռացներ իր պաշտոնից, նա գրոհեց դատախազի վրա, սկսեց թվարկել բոլոր եղած ու չեղած հանցագործությունները` «Զիբիլիքս»-ի հայտնի գործից մինչև Հաց բերողի մահն ու Մարտի մեկը, լիրիկական զեղումների մեջ հայտնվեց շարժման օրերին իր գործընկեր պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ձերբակալելու մասին խոսելիս, Մարությանն ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանար փաստերով ապացուցել, որ դատախազը ծառայել է քաղաքական իշխանություններին, որ նա միջնորդություն է ներկայացրել Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու, սակայն գործընթացը գլուխ չի եկել, քանի որ Կարեն Կարապետյանն է միջնորդել եւ պատգամավորներն ազատ են արձակվել:

Ի վերջո Մարուքյանը չդիմացավ եւ Դավթյանին ասաց, «Այո, ես մեղադրում եմ ձեզ»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լուր տարածվեց այն մասին, որ Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ: Մարուքյանն անձամբ հերքեց լուրը, իսկ այսօր ոչ այնքան հստակ, որքան լուրը տարածվելու օրը: Իհարկե, նա հայտարարեց, թե նման հավակնություններ չունի, սակայն հարցին՝ պատրաստվում են անվստահության նախագիծ ներկայացնել Արթուր Դավթյանի դեմ, նա պատասխանեց, որ գլխավոր դատախազի պաշտոնանկության, ինչպես նաև ընտրովի այլ պաշտոններ զբաղեցնողների հարցը «Ելքը» չի քննարկել: Հասկանալի է,որ չի քննարկել, բայց կարող է քննարկել ու հաստատել: Եւ սրանով էր պայմանավորված գուցե Մարուքյանի աննախադեպ ակտիվությունը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո դատախազին անվստահություն հայտնելու նոր մեխանիզմ գոյություն ունի, ցանկացած պատգամավոր կարող է նման նախագիծ ներկայացնել, բայց որպեսզի նախագիծը հավանության արժանանա, հարկավոր է խորհրդարանի 3/5-ի ձայները, այսինքն առնվազն 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի այդ նախագծին:

Հարկ է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ-ում հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի: Որ լինելով անկախ մարմին, նա կարող է շարունակել իր գործունեությունը` անկախ քաղաքական իրավիճակից և ուժերի դասավորությունից: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչ ակնկալիքներով են Գլխավոր դատախազի հրաժարականի հարց բերում օրակարգ, երբ այդ նույն դատախազին ԱԺ-ն ի դեմս ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կողմ քվեարկել ու վստահության քվե տվել: Արթուր Դավթյանը իր օգտին 97 կողմ եւ 3 դեմ ձայներ է ստացել: Իհարկե, կհնչեն արդարացումներ, որ նա ընտրվել է նախորդ ԱԺ-ի կողմից եւ հիմա բոլորովին այլ մարդիկ են նստած խորհրդարանում, սակայն կա հարցի բարոյական կողմը, ով չգիտի , որ նման առանցքային հարցերում նախկինում ԲՀԿ-ն, հիմա Ծառուկյան դաշինքում առաջնորդվել են Ծառուկյանի թելադրանքով, ինչ նա հրահանգել է, կուսակցությունն այդպես էլ քվեարկել է, ՀՅԴ-ից մի քանի պատգամավոր եւս նախորդ խորհրդարանից տեղափոխվել են ներկայիս կաբինետ, այնպես որ Դավթյանի դեմ քվեարկելուց առաջ այս ուժերը նախ պետք է բացատրություններ տան, թե ինչու են անվերապահ վստահություն տվել եւ ինչու մինչ հեղափոխությունը որեւէ մեկը որեւէ կերպ չի անդրադարձել դատախազի քաղաքական իշխանությունից կախվածության հարցին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: