Ամերիկացիների կասկածներն ու ռուսների «թավշյա» սպառնալիքները. Հեղափոխական Հայաստանի ապագան ՌԴ-ի հե՞տ

May 19, 2018 Չի մեկնաբանվել

Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել և մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:

«Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան և երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»: Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որևէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը. «Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ, երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլևս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր. «Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Փաշինյանն իր առջև դրել էր»:

Ստեղծված իրավիճակում, սակայն, իր անելիքն ունի նաև Արևմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արևմուտքը պետք է իր քայլն անի և օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»:

Մինչ ամերիկացի փորձագետները վերլուծում են՝ ռուսաստանյան մամուլն այժմ առավել հանգիստ է հայաստանյան իրադարձություններով: Մինչդեռ հեղափոխության սկզբնական ժամանակահատվածում, նկատենք, որ պատկերը լիովին այլ էր:

Հայաստանում ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, այժմ արդեն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ սկսված հեղափոխական շարժումը ակտիվ լուսաբանվել է միջազգային, այդ թվում` ռուսական մամուլում: Սակայն, ի տարբերություն արևմտյան լրատվամիջոցների, որտեղ շարժումը ներկայացվել է գլխավորապես խաղաղ և իր տեսակով բացառիկ հաջող շարժում, ռուսական մամուլում և հատկապես հեռուստաընկերություններում, տեղ են գտել շարժման նկատմամբ արհամարհանքի հասնող սկեպտիկ, երբեմն անգամ վիրավորական տեսակետներ, դիրքորոշումներ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ի տարբերություն, օրինակ, Հայաստանում ծավալված մեկ այլ բազմամարդ շարժման՝ «Էլեկտրիկ Երևանի», այս անգամ համեմատություններն ուկրաինական Մայդանի հետ զգալիորեն ավելի քիչ էին: Ընդհանուր առմամբ, շարժման լուսաբանումը ռուսական, ինչպես և համաշխարհային ԶԼՄ-ներում, սկզբնական շրջանում բավականին պասիվ էր: Լուսաբանման ակտիվ փուլը սկսվում է ապրիլի 16-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ շարժվում է Բաղրամյան փողոցով դեպի Ազգային ժողովի շենք:

Մասնավորապես, ՏԱՍՍ գործակալությունը ապրիլի 17-իր հոդվածում հիմնականում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն, և նրա կողմից հայ-ռուսական համագործակցությունը շարունակելու խոստմանը: Տեքստում հպանցիկ նշվում է, որ Սարգսյանի ընտրությունն անցկացվել է «ծայրահեղ ընդդիմության» բողոքի ցույցերի ուղեկցությամբ, տեղի է ունեցել ոստիկանության հետ բախում, ձերբակալվել է մոտ 80 մարդ:

Կրեմլին մոտ կանգնած «Վզգլյադ» թերթն ավելի հեռուն էր գնացել՝ Հայաստանում ծավալված շարժման թիկունքում տեսնելով «գրանտակերների»: «Նոր հայկական մայդանը ճոճում են գրանտակերները» վերնագրով հոդվածում թերթը ենթադրում է, որ «փողոցային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ»: Իր մեկ այլ՝ ապրիլի 25-ի հրապարակումը նույն թերթը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է ոչնչացնել Հայաստանը»:  Մասնավորապես, թերթի զրուցակից Գլեբ Կուզնեցովը պնդում էր, որ Փաշինյանը ցանկանում է գնալ կամ Սաակաշվիլիի ճանապարհով, կամ ուկրաինական մայդանի: Ընդ որում, նա առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, քանի որ «այդ մարդը ֆանատիկ է, որը կյանքում ոչ մի բանով չի զբաղվել, բացի նրանից, ինչ ինքը համարում է ճիշտ և ավելի լավ ապագա»:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում էլ Դմիտրի Կիսելյովի շաբաթվա ամփոփման մեջ թեև առաջին հայացքից դրական ռեպորտաժներին՝ այնուամենայնիվ, հեղինակը կենտրոնանում է գործադուլների հետևանքով առաջացած բարդությունների վրա՝ ներկայացնելով եզակի ուղևորների դժգոհությունները, որոնք «ինչ-որ հերթական անցակետի» պատճառով ստիպված են օդանավակայանից ոտքով քայլել: Հեղինակը նաև փորձում էր ցույցերը ներկայացնել որպես զբոսաշրջությանը խոչընդոտող հանգամանք՝ ներկայացնելով միայն էքսկուրսավարներից մեկի դժգոհությունը: Նույն ռեպորտաժում երկար և գեղեցիկ խոսելով հայկական խաղողագործության հինավուրց ավանդույթների մասին՝ լրագրողը Հայաստանի ամենաբանուկ՝ Արենիի տուրիստական կետերից մեկում գինեգործին հարցնում է՝ «ինչն է լավ՝ չաշխատե՞լ՝ գործադու՞լ անել, թե՞ աշխատել և գումար վաստակել: Հարցին գինեգործը պատասխանում է. «Իհարկե, աշխատել և գումար վաստակել: Եթե ամեն օր գործադուլ անեն, տնտեսությունը կանգ կառնի»: Այնուհետև գինուց լրագրողը սահուն անցում է կատարում հայկական բաստուրմային, և ցույց տալիս, թե որքան դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ռեպորտաժում, թեև բացահայտ փորձ չկա Հայաստանում սկսված շարժումը ներկայացնել որպես Արևմուտքից ֆինանսավորվող, այնուամենայնիվ, հեղինակը իր ընտրած փորձագետների միջոցով հարկ է համարում ակնարկել, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը ավելի շատ դրամաշնորհներ է ստանում սորոսյան հիմնադրամից, իսկ դրանց նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Այնուհետև լրագրողը հասնում է մեր օրեր և հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին վերջինս նույնպես կոչ էր անում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, «մինչդեռ հրապարակում եղած մարդկանց մեծ մասը հակառակն է կարծում»:

«Եթե եղել է պայմանագիր, ուրեմն պետք է այն պահել, իսկ հետո կերևա,- ասում է ցուցարարներից մեկը:- Մենք Ռուսաստանի հետ ընկերներ ենք, չէ՞: Մենք սիրում ենք միմյանց»: Մինչդեռ լրագրողը «մոռանում է» հիշեցնել շարժման առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, որ իշխանափոխության դեպքում իրենք չեն պատրաստվում դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Կիսելյովի նույն հաղորդման մեկ այլ ռեպորտաժում փորձ է արվում ցույց տալ՝ ինչ են մտածում Ռուսաստանի հայերը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մինչդեռ ռեպորտաժում գլխավոր շեշտը դրված է հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա, հայերի (այդ թվում՝ կրեմլամետ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի) շուրթերից հնչեցվում են կարծիքներ, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին է եղել, և թե որքան ցավալի կլինի, որ այդ հարաբերությունները փչանան:

«Վեստի FM» ռադիոկայանի եթերում էլ մայիսի 4-ին ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևն անգամ վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել հայերի հասցեին. «դուք ընդհանրապես գլխո՞վ եք մտածում»: Միխեևը ներկայացրել էր, որ Փաշինյանը, թեև պնդում է որ կպահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նա առաջին հերթին ամերիկամետ գործիչ է: Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը «չափազանց շատ է երես տվել» հայերին, հետո ծաղրում Փաշինյանի՝ բազմավեկտոր քաղաքականության մոտեցումը: «Էլ ի՞նչ բազմավեկտորություն է Հայաստանին անհրաժեշտ… Միգուցե բարեկամություն եք ուզում Թու՞րքիայի կամ Ադրբեջանի՞ հետ, խնդրեմ, համեցեք, սարկազմով ասում է Միխեևը ու հավելում. «Եթե պարոն Փաշինյանը սկսի վարել երկակի քաղաքականություն, ես անձամբ կարծում եմ, որ … պետք է ամենակոշտ քաղաքականությունը վարել Հայաստանի նկատմամբ»:

Ռուսական կողմի հիմնական ուղերձը, ինչպես նկատում ենք ասվածի համատեքստում մեկն է՝  Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու դեպքում լավ օրեր չեն սպասում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ամերիկացիների կասկածներն ու ռուսների «թավշյա» սպառնալիքները. Հեղափոխական Հայաստանի ապագան ՌԴ-ի հե՞տ”

Մեկնաբանել