Չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք

May 18, 2018 Չի մեկնաբանվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրին, բառացիորեն արել է հետևյալ հայտարարությունը. «Ես չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք»: Ասվածն առավել քան իրավացի է՝ բանատախուցը անասնագոմ չէ, որ կամայական պահի դուռը բացես կամ փակես: Ըստ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների ազատությունը, որը նրա թավշյա հեղափոխության գլխավոր խոստումներից է, անպայման պետք է իրագործվի, բայց բացառապես օրինական ճանապարհով:

Մեր իրականության մեջ քաղբանտարկյալները, ինչպես վարչապետն է նշել, առաջ են եկել հետևյալ մեխանիզմով. տվյալ գործով զբաղվող դատախազին կամ դատավորին Բաղրամյան 26-ի կամ կառավարկան այլ շենքի որևէ կաբինետից եղել է զանգ՝ այսինչին տալ այսքան տարի: Հիմա եթե նույն մեխանիզմի գործադրմամբ տեղի ունենա հակառակ գործընթացը, կլինի նույնքան անընդունելի, որովհետև երկու դեպքում էլ գործ կուենենաք ոչ թե օրենքի, այլ քաղաքական հրահանգի գերակայության հետ: Կան քաղաքականության հետ առնչվող երկու տեսակի գործեր. այն գործերը, որտեղ չկան զոհեր, բավական հեշտ լուծում ունեն. նրանց նկատմամբ կարող է կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատում, համաներում կամ անգամ ներում: Իսկ այն գործերը, որոնք դեռևս նախաքննության փուլում են, կարող են անգամ դատապարտման չհասնել: Վիճակն առավել բարդ է այն գործերի դեպքում, որտեղ մահվան հանգամանքներ կան: Խոսքն առաջին հերթին Սասնա ծռերի գործի մասին է. «Սասնա ծռերի գործի հանգուցալուծումը շատ կարևոր է մեր երկրում համերաշխության հաստատման առումով»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Սասնա ծռերի գործը պետք է հանրային քննարկումների թեմա դառնա, որոնց պետք է մասնակից դառնան նաև սպանված ոստիկանների հարազատները: «Լինելով նախկին քաղբանտարկյալ՝ մտնելով վարչապետի աշխատասենյակ այդ խնդիրները չեմ կարող անտեսել: Բայց նաև գիտեմ, որ սա շատ նուրբ խնդիր է, որը պետք է լուծվի բացառապես իրավական ճանապարհով, իսկ դրա համար գործը անցնի որոշակի ընթացակարգ, որի համար որոշ ժամանակ է պահանջվում: Իսկ Սասնա ծռերի դեպքում խնդրի լուծման մեթոդաբանությունը պետք է հասկանանք: Իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն»,- շեշտել է Փաշինյանը:

Փաստորեն ինչպես աշխարհաքաղաքական վեկտորների, այնպես էլ քաղբանտարկյալների հարցում կտրուկ շրջադարձերի գնալը հեշտ չէ, ինչպես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, այնպես էլ քաղբանտարկյալների հարցում հեղափոխական Նիկոլ Փաշինյանի հայացքները էականորեն տարբերվում են վարչապետ Փաշինյանի մոտեցումներից: Բանն այն է, որ միջազգային կառույցներին ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանը մինչ այժմ դիտվել է այնպիսի երկիր, որտեղ չկան քաղբանտարկյալներ: Իբրև իշխանության թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին ամենևին ձեռնտու չէ Հայաստանը աշխարհին ներկայացնել որպես քաղբանտարկյալներ ունեցող երկիր: Իսկ Սասնա ծռերի գործը անգամ կախարդական փայտիկ ունենալու դեպքում էլ հնարավոր չէ ապաքրեականացնել: Այստեղ կան ոստիկանների սպանության փաստը, և այդ սպանությունները չեն կարող անպատասխան մնալ: Անպատասխան մնալու դեպքում դա կարող է շատ վտանգավոր նախադեպ ստեղծել, որպեսզի ծառայության մեջ գտնվող ոստիկանը անձնանվեր կերպով պահպանի իրեն վստահված պոստը, որը տվյալ պահին իր բաժին հայրենիքն ու առաջին գիծն է:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք”

Մեկնաբանել