Մեղայական, սթափ,անտեղյակ՝ ով , ինչ քայլով

May 17, 2018 Comments Off on Մեղայական, սթափ,անտեղյակ՝ ով , ինչ քայլով

Նոր Կառավարության նորանշանակ նախարարները ոչ միայն երիտասարդ են ու անփորձ, այլեւ ոմանք բացարձակ անտեղյակ ոլորտից ու քաղաքականությունից:Աշխատանքային առաջին օրվա, աշխատակազմերի հետ ծանոթության ընթացքում երիտասարդ նախարարները նորանոր հորիզոններ բացեցին մեր առջեւ, որոնք ավելի տեսանելի են դարձնում Փաշինյանի ձեւավորած կառավարության ապագան: Եւ այսպես, կառավարության ամենաերիտասարդը, որը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է քաղաքավարության, ջենթլմենական հարցերում անկրկնելի թեկնածու է, նրա խիստ հարգալից տոնից տպավորված էին նաեւ լրագրողները, հումորի զգացումն էլ լրիվ տեղը, նորանշանակ նախարարը պարբերաբար ժպտալու առաջարկ է արել լարված աշխատակազմին:Քիչ էր մնում, թե նա ցրեր իր հասցեին նախորդ օրերի քննադատությունները, բայց իրեն երկու ոտքով է թակարդը գցել: Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ Այնինչ Հայաստանի Սահմանադրության իրողության դեպքում այս իդեան անթույլատրելի է, որովհետեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է ունենա պարտադիր ՀՀ քաղաքացիություն եւ չորս տարվա մշտական բնակություն: Մյուս կողմից՝ նախարարը գուցե ցանկանում է փոխել Սահմանադրությունը, կամ գաղտնազերծել է իր թիմի մտադրությունը, ի վերջո, այդ գաղափարի մեջ արդարության հատիկ կա, Սփյուռքը միայն <<կթու>> կենդանի չէ, որը պիտի ամեն ինչ, տա, բայց զրկված լինի Հայաստանի ներքին կյանքին ու որոշումնեին մասնակցությունից:

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, որը նույնիսկ անհայտ անձնավորություն է մշակութային շրջանակներում, ինչպես դուխով ներկայացել էր հանրությանը, մշակույթի ու իր կապի մասին ասելով, որ ինքն է մշակույթը, այնպես դուխով էլ սկսեց աշխատանքային առաջին օրը: Թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին՝ շատերը իրենց զարմանք են հայտնում նրա նշանակման կապակցությամբ, Լիլիթ Մակունցն ասաց. «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր նաև տրամաբանական շարունակություն նաև կառավարական ապարատում»:

Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրերից երրորդը՝ առողջապահության նախարարը օրը սկսեց մեղայականով: «Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել: Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- ասվում է նախարարի տարածած հաղորդագրության մեջ: Իսկ նրան դատափետում են նախկինում արված գրառումների եւ չարաբաստիկ գարդասիլի ու այլ պատվաստումների անխնա պրոպագանդման համար, աթեիստ նախարարւ մի առիթով չարախնդացել էր եւ երկու ամյա երեխայի մահվան դեպքի կապակցությամբ գրել, թե Աստված պատժում այդ ընտանիքին: Բնականաբար այս ներողությունը գրոշ չարժե, որովհետեւ Թորոսյանի հայացքներն ու դավանանքը արժեհամակարգային մտածողություն են, ասել է թե առողջապահությունը պահ է տրվել անառողջ երեւակայությամբ մեկին:

Ողջունելի ուղերձով հանդես եկավ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կոչ անելով գյուղերում իրենց շարժման ու թիմի անունից ակցիաներ չնախաձեռնել ու գյուղապետերի հրաժարականներ չպահանջել: Այսինքն, հեղափոխականները կարծես թե հասկացել են, որ ոչ մի տեղ չտանող պրոցես է, որը պետությունը դուրս է գցում իրավական ճանապարհից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: