Օսիպյանի աքիլեսյան գարշապարը

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Աչքներիս առաջ պատմության գիրկն է անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոսակիր Վալերի Օսիպյանը եւ մեր առջեւ հառնում է թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ Օսիպյան, որն այլեւս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր Հայաստանի նոր ոստիկանապետն է: 1990-ականներից ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի բռնարարքների ու նրա հրահանգը կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, ոստիկանապետ նշանակվելուն պես պարոն Օսիպյանը անցել է ինքնամաքրման գործի, նա դարձել է լրատվականներ աստղը եւ ամենուր արդարանում է, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում:

Ավելին, մեր Օսիպյանը դեռ 2009 թվականից նախանձել է Հոլանդիայի իր կոլեգաներին, Ամերիկայի Ձայն-ի հետ նա անկեղծացել է, որ ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի կարգավիճակում ինքն այդ տարի աշխատանքային այց է կատարել Հոլանդիա ու վերադարձել նախանձը սրտում, որ մի օր Հայաստանում էլ հասարակության 97 տոկոսը կվստահի ոստիկանությանը: Ցուցարար կանանց անգութորեն բռնության ենթարկած Օսիպյանը հիմա մեկ երազանք ունի՝ ոստիկանության ներքին օղակներում իրականություն դարձնել նոր ոստիկանության իր իդեան եւ որ թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ գցված փշալարերը ժանգոտեն պահեստներում, որ այլեւս Հայաստանում դրանց կարիքը չզգացվի: «Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար», – «Ազատության» հետ զրույցում էլ խոստացել է նա :«Ես արդեն հանդիպել են ոստիկանության մի քանի կարևոր ստորաբաժանումների հետ, հենց այն ստորաբաժանումների, որ մեր հասարակության մեջ կարծիք կա ձևավորված, որ հենց այդտեղ է կոռուպցիան թաքնված՝ ճանապարհային ոստիկանություն, արտաքին ծառայություն, և ուղղակի վստահ եմ, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտեցան, մենք գծեցինք կարմիր գիծ։ Ես փաստ չունեմ, չեմ տեսել, բայց և չեմ էլ բացառում, որ եղել են նման դրսևորումներ, բայց մենք նոր էջից ենք էս ամենը սկսում, ովքեր հասկացան՝ փառք ու պատիվ իրենց, ովքեր չէ՝ ցավում եմ, բայց պատժվելու են օրենքով, ուղղակի պատժվելու են»:

Համացանցում այսօր օգտատերերից ոմանք նկատել էին ՃՈ աշխատակիցների վարքի փոփոխություն, որոնք թեթեւ խախտումներ թույլ տված վարորդներին քաղաքակիրթ զգուշացրել են, որ կրկնվելու դեպքում ստիպված են լինելու տուգանել: Միանգամայն չի բացառվում, որ Վալերի Օսիպյանը ստեղծի իր երազանքների, <<նախանձելի>> ոստիկանություն, որովհետեւ ինչպես ինքն է գրեթե բաց տեքստով ակնարկում, անցյալում ընդամենը եղել է հրաման կատարող, բայց ոչ հրամայող: Սակայն ինչպես շատերը, նա էլ ունի աքիլեսյան գարշապար, որը գուցե նոր Հայաստանում էլ մնա նույնքան խոցելի, որքան անցյալում էր: Վալերի Օսիպյանը մինչ օրս հրաշալի կարողացել է մաքրվել բոլոր մեղքերից, բացի եղբորորդու հետ կապված հայտնի պատմությունից: Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Վանուշ Ալեքսանյանին վիճաբանության ժամանակ դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր, որը մի քանի ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ներկայացավ ու նախնական կալանքի որոշոիմ կայացրեցին: Տղային 3-8 տարի ազատազրկում էր սպասվում, բայց կալանքի որոշումը փոխվեց եւ մեղադրյալի աթոռին հայտնվեց մեկ ուրիշը:Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված դեպքին՝ Օսիպյանն այսօր էլ վստահեցնում է. «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»։Օսիպյանը միևնույն ժամանակ զարմանում է՝ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել։ Մենք հիշում ենք, որ այդ օրերին Օսիպյանը սկզբում սուխոյ ատկազ էր կանգնում՝ ասելով, որ եղբորորդին նման պատմության մեջ չի ընկել, բայց հետո մեղքն ընդունեց մասնակի: Մի խոսքով՝ բոլորին էլ պարզ է, որ Օսիպյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է հանուն հարազատի, ասել է թե, իր ձեռքով, առանց պարտադրանքի քար է դրել այն անվստահության ու անպատժելիության մթնոլորտին, որը ձեւավորել է համակարգը: Նոր Հայաստանում անձնական օրինակով կծառայի՞ ենթականերին՝ վերացնելով այդ հովանավորչությունը, մենք կտեսնենք ապագայում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Օսիպյանի աքիլեսյան գարշապարը”

Մեկնաբանել