ՀՀԿ-ի ընդդիմադիրն է լավ

May 17, 2018 Comments Off on ՀՀԿ-ի ընդդիմադիրն է լավ

 

 

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերի գործածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018 թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:

Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել և ընդգրկել նախագծի մեջ»,- գրել է Հովհաննիսյանը:

Փաստորեն, ՀՀԿ-ն արդեն լիովին ընդունել է ընդդիմադիր կացվածք և այժմ պատրաստ է լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակին բարձրաձայնում էին իրենց ընդդիմախոսները: Հիշեցնենք, որ այս նախագծով ոստիկանությունն առաջարկում էր հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել: Ժամանակին, երբ այս օրենքն ընդունվում էր ԱԺ-ում  «Ելք» խմբակցության պատգամավորները  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այն խիստ քննադատության ենթարկեցին: Փաշինյանն անգամ հայտարարեց, որ  2018-ի ապրիլին ընդառաջ ՀՀԿ-ն բոլորին վերահսկելու նպատակով իրականություն է դարձնում «ոստիկանության երազանքը »,  քանի որ նշված օրենքով վերջինս հնարավորություն է ստանալու ցանկացած վայրում տեսախցիկ տեղադրել՝ հետևելով ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ իշխող ուժի ներկայացուցիչների քայլերին. « Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների մեջ են կախելու տեսախցիկները: Ձեր տների վրա էլ են կախելու: Մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ ժպտացեք ու անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետեւ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,-հայտարարել էր Փաշինյանը: Նախագիծը դժգոհություն էր առաջացրել նաև հանրային շրջանակներում:

Հիմա փաստորեն, արդեն իբրև ընդդիմադիր, ՀՀԿ-ն որոշել է վերանայել նախկին մոտեցումը և արգելել շարժական արգաչափերի կիրառումը: Սրանից, իհարկե, առաջին հերթին շահելու են  վարորոդները, որովհետև այդ տխրահռչակ օրենքով նրանք ցանկացած փողոցի ցանկացած հատվածում կարող էին նկարվել ու տուգանվել: Ի վերջո ո՞վ կարող էր գուշակել, թե որտե՞ղ կհանդիպի շարժական տեսախցիկով ոստիկանական մեքենային: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հանկարծ  այսքան բարիացել. նա իսկապե՞ս մտածում է վարորոդների, թե՞  նոր կառավարությանը պատժելու մասին: Ըստ երևույիթն «դվա վ օդնոմ»: Չէ՞ որ շարժական արագաչափերի գործարկման դեպքում անխուսափելիորեն ավելանալու էին ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքները, որոնք, ինչպես հայտնի է, կլորիկ արտաբյուջե են ապահովում ոստիկանության համար: Օրենքը փոխելով ՀՀԿ-ն մի կողմից լավամարդ է դռանում, մյուս կողմից էլ   կտրում է ոստիկանության արտաբյուջեն՝ հընթացս պատժելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

 

Կարինե Սարիբեկյան  

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: