«Մտրակ ու բլիթ» Պուտինից՝ Փաշինյանին

May 16, 2018 Comments Off on «Մտրակ ու բլիթ» Պուտինից՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը երեկ ժամանեց Սոչի, որտեղ այսօր կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, անդրադառնալով Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը, TACC գործակալությանն ասել էր, թե չի կարծում, որ երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: «Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ», – նշել էր Ուշակովը:

Սոչի այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Россия24 հեռուստաալիքին հարցազրույց էր տվել, որում նշեց, թե վստահ է, որ իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։ Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։

Փաշինյանը նշել է, թե շատերը կարող են ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ազգային ժողովում իր ղեկավարած քաղաքական ուժը արևմտամետ ուժի համբավ ունի, Հայաստանի վարչապետը արձագանքել է. ֊ «Կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է։ Ես միշտ ասել եմ, որ ես հայամետ քաղաքական գործիչ եմ։ Ես նաև ասել եմ, որ ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ իրանամետ։ Ես հայամետ քաղաքական գործիչ եմ»։ Նա ընդգծել է, որ ինքը չի ներկայացնում ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժ, այլ ներկայացնում է Հայաստանի ժողովրդին և ժողովրդական շարժումը, որը չի դրել որևէ արտաքին քաղաքական խնդիր։

Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում ուշագրավ մթնոլորտում: Նիկոլ Փաշինյանը շարունակ պնդում է, որ իր հռչակած շարժումը արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների կողմնակից չէ: Բայց միաժամանակ, նա ակնհայտորեն փորձում է հաճոյանալ Մոսկվային: Россия24 հեռուստաալիքին տված նրա հարցազրույցը ասվածի ապացույցն էր: Այս առումով, «փոփոխություն» դեպի Մոսկվա նկատվում է:

Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումն, իհարկե, ճանաչողական կլինի, գուցեև խորը քննարկում չարժե ակնկալել, բայց առաջին հանդիպման մթնոլորտը, սիմվոլիզմն էլ պակաս կարևոր չեն լինելու: Ուստի դրանց պետք է հետևել:

Նկատենք, որ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումից առաջ Բաքվից, Անկարայից պաշտոնական մակարդակով սպառնալից հայտարարություններ հնչեցին Հայաստանի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ էլ գործ ունենք «մտրակի ու բլիթի» հավերժական քաղաքականության հետ:

Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունը` Роснефть-ը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի` Հայաստանին վերաբերող վերջին սկանդալային հայտարարություններին: «Միխայիլ Լեոնտևի մասնավոր հայտարարությունները որևէ առնչություն չունեն Роснефть նավթային ընկերության` Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող մոտեցումների հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում պայմանագրային պարտավորությունների կատարումը»,- նշված է Роснефть-ի հայտարարության մեջ:

Ավելին, պարզվում է, Միխայիլ Լեոնտևը Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման: Արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը նամակով ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար, հարցրել են: «Այո, Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը: Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա»:

Ահա, եթե մի դեպքում ականատես ենք դառնում Մոսկվայի կողմից Լեոնտևին անլրջացնելու դրսևորման, ապա տնտեսական առումով՝ Մոսկվան «մտրակային» քայլ էլ է արել:

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է ժամանակավորապես դադարեցնել Հայաստանից բանջարեղենի ներմուծումը, քանի որ հայկական լոլիկում և վարունգում հայտնաբերվել է կարանտինային արտադրանք: Այդ մասին հայտնում էր ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ եթե շարունակվի կարանտինի ենթակա արտադրանքի, այդ թվում՝ կարանտինային օրգանիզմների առկայությամբ արտադրանքի ներկրումը, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանափակել կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը Հայաստանից Ռուսաստան:

Նշվել էր նաև, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2018-ի մայիսին խստացրել է Հայաստանից ներկրվող արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը: Մայիսի 3-9-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային համարվող 2 օբյեկտի առկայությամբ 7 դեպք. լոլիկում հայտնաբերվել է հատուկ տեսակի ցեց, իսկ վարունգում՝ արևմտյան (կալիֆորնիական) թրիփոս: Գյուղատնտեսական ամբողջ արտադրանքը վերադարձվել է արտահանողին: Այս կապակցությամբ Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը՝ պահանջելով անցկացնել պաշտոնական հետաքննություն և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: