Ինչ թաքցրեց ու լղոզեց Փաշինյանը

May 16, 2018 Չի մեկնաբանվել

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը շնորհավորել է նրան՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը», – ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Այս հեռախոսազրույցին զուգահեռ Փաշինյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների թեմայով՝ ուշագրավ ուղերձներ հղելով Թեհրանի ուղղությամբ: Նա նախ ասել է, որ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը ունեն կամք՝ որևէ խնդիր լուծելու, ապա կլուծեն այդ խնդիրը:

Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որն իրականում կա Հայաստան-Իրան հարաբերություններում, համոզված է նա: Փաշինյանը համարում է, որ այս ոլորտում շատ մեծ անելիքներ կան, քանի որ կան նախագծեր, որոնք, չեն իրագործվում, դանդաղ են իրագործվում, կամ իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել: «Օրինակ` անհասկանալի է Մեղրիի հէկ-ի շինարարության չսկսվելը մինչև այս պահը, չնայած շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է վաղուց: Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերից», – ասել է նա:

Այնուհետև, պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տարանցման մասին հարցին, Փաշինյանն ասել է․ «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»:

Նրա խոսքով Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում: «Մենք հյուս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան: Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել և վերացնել ներդրումների այսպիսի հոսքի համար առկա բոլոր խոչընդոտները», – ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունի էականորեն մեծացնել գյուղմթերքի, մասնավորապես՝ մսի արտահանումը դեպի Իրանի իսլամական հանրապետություն: «Կարճ ասած՝ շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, և հույս ունենք, որ այդ էներգիան և մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամ ժողովրդի և կառավարության կողմից»:

Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը Թեհրանին…

Իհարկե, այն ամենն ինչ մինչ այժմ էլ հայտարարվել է, բայց մնացել օդում: Բայց այստեղ հետաքրքրական է, որ Փաշինյանը ներկայացնում է բարի ցանկությունները, սակայն չի անկեղծանում, թե ինչու՞ մինչև հիմա ոչ էներգետիկ, ոչ տրանսպորտային ծրագրերը չեն իրականացել:

Ո՞վ է մեղավոր, այդ ո՞ր երկրի մենաշնորհային դիրքի պատճառով է այս իրավիճակը հայ-իրանական հարաբերություններում: Պարզ է՝ Ռուսաստանի:

Այդ դեպքում ինչու՞ է Փաշինյանը հատուկ շեշտում, թե՝ «պետք չէ մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է…»:

Այսինքն, եթե մենաշնորհային դիրքը մենք Ռուսաստանին ենք տվել՝ ինչպե՞ս ենք սկսելու մտածել այլընտրանքների ուղղությամբ, և ոչ միայն մտածել, այլև՝ նախագծեր իրականացնել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչ թաքցրեց ու լղոզեց Փաշինյանը”

Մեկնաբանել