Նիկոլ Փաշինյանի՝ Սահակաշվիլու ճանապարհով գնալու բարդությունները

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Եվ այսպես՝ ՀՀ կառավարության նոր կազմն արդեն հայտնի է՝

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան,

Առաջին փոխվարչապետ՝ Արարարտ Միրզոյան,

Փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյան և Մհեր Գրիգորյան,

Պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյան,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Մանե Թանդիլյան,

Արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյան,

Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյան,

Գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյան,

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Լևոն Վահրադյան,

Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյան,

Ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյան,

Արտակարգ իրավիճակների նախարար՝ Հրաչյա Ռոստոմյան,

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորյան,

Մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունց,

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյան,

Բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյան,

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար՝ Աշոտ Հակոբյան,

Արտաքին գործերի նախարար՝ Զոհրաբ Մնացականյան,

Կրթության և գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյան,

Տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյան։

Դատելով նոր ձևավորված կառավարության անդամների անուններից՝ թավշյա հեղափոխության առաջնորդը որոշել է կառավարություն բերել թարմ դեմքեր, ովքեր մեծ մասամբ նախկինում պետական կառավարման համակարգում չեն աշխատել: Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ կոռուպցիան պետական համակարգում վերացնելու համար ավելի նպատակահարմար է կառավարություն բերել պետական մեքենայի հետ կապ չունեցող դեմքերի: Այս օրինաչափությունից դուրս են մնացել միայն ԱԳՆ-ն,  ուժային կառույցները և ֆինանսական բլոկը, որտեղ ղեկավարներ են նշանակվել համակարգի կադրերը, իսկ պետական եկամուտների կոմիտեի նախագահը անգամ չի փոխվել: Նիկոլ Փաշինյանի զգուշավորությունը այս երկու համակարգերում անշուշտ արդարացված է. փորձն ու պետական մեքենայի անխափան աշխատանքը այս դեպքում ավելի կարևոր են, քան փոփոխությունները, հատկապես որ դեռ պարզ չէ՝ դրանք դրակա՞ն, թե՞ բացասական հետևանք են ունենալու:

Ամենակարևոր խնդրի՝ կոռուպցիայի, հովանավորչության ու կաշառքի՝ մեր իրականությունից իսպառ բացառելու մասին. պետական և բյուջետային համակարգի աշխատողների վարձատրության ներկա ցածր մակարդակը բացառում է այդ արատների վերացումը: Մեր հարևան երկրում՝ Վրաստանում, վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլուն հաջողվեց պետական ապարատում, ոստիկանությունում և դատական համակարգում իսպառ վերացնել կոռուպցիան և կաշառքը: Եթե մեր նորընտիր վարչապետը հրապուրված է այս օրինակով, ապա նա պետք է նկատի ունենա, որ Սահակաշվիլու առաջին քայլերից մեկը աշխատավարձերի կտրուկ բարձրացումն էր: Վրաստանը հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից խոշոր դրամաշնորհներ ստացավ, որի շնորհիվ էլ Սահակաշվիլին կարողացավ իրականացնել հակակոռուպցիոն ռեֆորմներ: Նա արժանապատիվ վարձատրություն ապահովեց չինովնիկների համար ու պահանջեց, որ նրանք աշխատեն անկաշառ:

Իսկ ո՞վ կարող է նման միջոցներ տալ Հայաստանի Հանրապետությանը: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, աշխատավարձերի բարձրացում երբեք չի խոստացել: Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Հայաստանում անգամ նախարարի աշխատավարձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ի բարձրացումից հետո կազմում է  790 հազար դրամ՝ առանց պահումների, այնքան բարձր չէ, որ երաշխավորի կոռուպցիայից զերծ գործունեություն: Աշխատավարձը խայտառակ ցածր է կրթության համակարգում, օրինակ՝ լրիվ դրույքով ծանրաբեռնված ուսուցչի մաքուր աշխատավարձը չի գերազանցում 80 հազար դրամը: Նույն տնօրենները, ովքեր, ունենալով մեծ պատասխանատվություն, հարկի-անհարկի այսօր տարբեր կողմերից քննադատվում, քարկոծվում են, մաքուր աշխատավարձով ապրելու պարագայում հանգիստ կարող են համալրել աղքատների շարքը, որովհետև նրանց աշխատավարձի դրույքը, առանց պահումների, ընդամենը 163 հազար դրամ է:

Ունի՞ արդյոք նման ռեսուրս Հայաստանի այսօրվա պետական բյուջեն, որի վրա բացի թոշակների, աշխատավարձերի, երկրի անվտանգության ու պետական ապարատի ծախսերից՝ ծանրացած է նաև արտաքին ահռելի պարտքի սպասարկումը: Այնպես որ՝ նոր կառավարությանը ծանր ժամանակներ են սպասում:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանի՝ Սահակաշվիլու ճանապարհով գնալու բարդությունները”

Մեկնաբանել