Նիկոլից բաժին պոկելու պահը

Apr 28, 2018 Comments Off on Նիկոլից բաժին պոկելու պահը

Նիկոլ Փաշինյանի խնդիրն այժմ քաղաքական կապիտալի պահպանումն ու թավշյա հեղափոխության հաղթանակի դե յուրե արձանագրումն է: Պարտությունները, որպես կանոն, անտեր են լինեում, հաղթանակներն ունենում են բազում տերեր: Հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ բոլոր հին ու նոր, մեռած ու մեռնող քաղաքական ու հասարարական կառույցները ուզում են պոկել Նիկոլի տարած հաղթանակի իրենց բաժինը: Խորհրդարանից դուրս գտնվող ուժերը մեկը մյուսի հետևից հիշեցին, որ իրենք ժողովրդի կողքին են` ՕԵԿ, ՍԴՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, մնացածների անունները հարկ չենք համարում նշել: Հասկանալի է, որ այս կարգի ուժերը, տեսնելով համաժողովրդական շարժումը, սկսել են հույսեր փայփայել, որ նոր Հայաստանի քաղաքական համակարգում մի լույսի շող էլ իրենց վրա կընկնի:
Սա բնական, սակայն ոչ բարոյական գործընթաց է: Ապագայում արևի տակ տեղ ունենալու հարցն ակտուալ է նաև խորհրդարանում գտնվողների համար, այդ պատճառով էլ Ծառուկյան դաշինքը հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Ծառուկյանի վիճակը կրկնակի բարդ է, որովհետև բացի անձնական նյութական միջոցներից` նա նաև ապագայում քաղաքական դիրքերի պահպանման խնդիր ունի: Իբրև ընդդիմադիր խմբակցություն` Ծառուկյան դաշինքը նախ կողմ քվեարկեց ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Այնուհետև վարչապետի ընտրության ժամանակ Ծառուկյան դաշինքի 31 պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանին: Ինքը` Գագիկ Ծառուկյանը ճկունություն ունեցավ` չմասնակցելու քվեարկությանը: Ստեղծված նոր քաղաքական իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է հրաժարական, Ծառուկյանին այլ բան չէր մնում, քան միանալ Նիկոլ Փաշինյանի ժողովրդական շարժմանը, հակառակ պարագայում առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն կարող էր անգամ խորհրդարան չանցնել, որովհետև որևէ մեկն այլևս չէր հավատա, որ Ծառուկյանն ու նրա թիմը ընդդիմություն են:

Ապագա խորհրդարանում իրենց տեղերը պահպանելու խնդիրն է ուզում լուծել նաև կառավարական կոալիցիայից հեռացած ՀՅԴ-ն: Ապագա խորհրդարանում տեղ ունենալու խնդիրն առաջնային է նաև այլ ուժերի, մասնավորապես Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի համար: Մասնավորապես մամուլում հրապարակում էր եղել, որ Սամվել Կարապետյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է սկսել արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի հետ և նպատակ ունի որևէ կուսակցությունում լուրջ ներդրումներ անել` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ Սամվել Կարապետյանի կուսակցության լիդերը կարող է լինել վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը, ով կարծես թե ՀՀԿ-ում որպե առաջնորդ չի ընդունվում, թեպետ իրադարձությունները հիմա զարգանում են այնքան արագ, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել:
Վերադառնալով հեղափոխության հաղթանակին` Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, թե ինչ է կատարվում իրականում, և մինչև այս պահը հստակ քայլերով ապացուցում է, որ մտադիր չէ իր հաղթանակը ինչ-որ մեկին նվիրել:
Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ նա շատ հստակ հայտարարեց, որ ինքը քաղաքական առևտրի չի գնալու, կուլիսային բանակցություններ ՀՀԿ ներկայացուցիչ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ չեն լինելու` հանդիպումն ու երկխոսությունը լինելու է ուղիղ եթերում. <<Կա’մ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կա’մ Հայաստանում նոր վարչապետի ընտրություն չի լինելու>>,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա մոտեցումներն այս առումով հստակ են. հաղթանակն իրենն է, ի վերջո ինչու պետք է արդյունքն այլոց հասնի, անկախ հանգամանքից` խոսքը Կարեն Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, թե մեկ այլ անձի վարչապետ դառնալու մասին է:

Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ բանակցում է տարբեր կողմերի և ուժերի հետ, ընդ որում հայտնի չէ, թե ինչ է պայմանավորվել թավշյա հեղափոխության առաջնորդը Գագիկ Ծառուկյանի հետ: Եթե ՀՀԿ-ն չի համաձայնվելու խորհրդարանում աջակցել Փաշինյանին, որ նա ընտրվի վարչապետ, ապա կարող է գործի դրվել այլ մեխանիզմ. օրինակ` պայմանավորվածություն ձեռք բերել Ծառուկյանի և անգամ ՀՅԴ-ի հետ, որպեսզի նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին` իբրև վարչապետի թեկնածուի: Այդ դեպքում Փաշինյանին վարչապետ դառնալու համար կպակասի /ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն/ 6-7 ձայն, որը կարելի է ստանալ ՀՀԿ-ի ճամբարափոխների շնորհիվ: Բայց այս դեպքում իբրև հեղափոխության առաջնորդ` Փաշինյանն անշուշտ կթուլանա, որովհետև իր օգտին քվեարկելու դիմաց նա և’ ԲՀԿ-ին, և’ ՀՅԴ-ին, և առնետավազքով իր մոտ եկած ՀՀԿ-ականներին ատիպված է լինելու ինչ-որ խոստումներ տալ, այդ դեպքում նա ազատ չի լինի իրագործելու այն ռեֆորմները, որոնք խոստանում է:
Մյուս կողմից էլ իրադարձությունները շատ արագ փոխվում են ոչ միայն ներսից, այլ նաև դրսից. շատ բան կախված է նաև Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումներից: Մասնավորապես այսօր հայտնի դաևձավ, որ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի` Մոսկվա կատարած այցից հետո Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Զրույցի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը: Արդյոք սա նշանակում է, թե մայիսի 1-ի ընտրվող վարչապետը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը, քանի նոր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` ՀՀԿ-ն մեծամասնություն է, քննարկման առանձին նյութ է:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: