Վերադարձրե’ք Սերժ Սարգսյանի փողերը

Apr 29, 2018 Comments Off on Վերադարձրե’ք Սերժ Սարգսյանի փողերը

Սերժ Սարգսյանը իր հրաժարականի հայտարարության մեջ դիմեց «ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին»` ասելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալվել է: Տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը վերջում դիմեց համացանցով ուղիղ եթեր դիտողներիրն և ոչ թե, օրինակ, Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողներին:

Սերժ Սարգսյանը հավանաբար արդեն տեղեկացված էր, որ այդ օրերին Հայաստանի բնակչության 99 տոկոսը հետևում էր հանրահավաքներին. մի մասը` հրապարակներից ու փողոցներից, մյուս մասը` ուղիղ եթերով: Եթե ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին հայաստանյան իրականությունը արտացոլող ճշգրիտ տեղեկատվություն ներկայացներ մշտապես, գուցե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չհայտնվեին այսքան տխուր վիճակում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումը ոչ միայն քաղաքական հաղթանակ է գրանցել, այլ փաստացի պայթեցրել է Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր ինստիտուտների սնանկության փուչիկը: Այդ ինչպես է եղել, որ երկրում հեղափոխություն է ծրագրվել ու իրագործվել, իսկ համապատասխան կառույցները` ոստիկանությունը, ԱԱԾ-ն, այդ մասին տեղյակ չեն եղել, կամ էլ, որ շատ ավելի վատ է, իմացել ու այդ մասին տեղյակ չեն պահել երկրի ղեկավարին: Ղեկավարման տարիներին Սերժ Սարգսյանն իր անմիջական հովանավորությամբ ստեղծեց տեղեկատվական և վերլուծական կենտրոններ, որոնց այս տարիներին պետական բյուջեից Սերժ Սարգսյանը հսկայական գումարներ է հատկացրել: Հետաքրիքր է` ի՞նչ պատասխան են տվել Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ի վերլուծաբան-փորձագետները, այդ նույն աղբյուրից սնվող ֆեյսբուքյան սուտի ստատուսչիկները, քաղտեխնոլոգներն ու ՊՌ-չիկները, ովքեր բացարձակ չէին կանխատեսել, որ Հայաստանում կարող է թավշյա հեղափոխություն տեղի ունենալ: Ավելին` այդ նույն ՊՌ թիմն ու նրան ամրակցված արբանյակները, ովքեր տարիներ շարունակ սնվել են պետական կերատաշտակից, հավատացրել են Սերժ Սարգսյանին, թե Հայաստանում հեղափոխության որևէ նախադրյալ չկա, և այդ մասին ընդդիմադիրների խոսակցություններն ընդամենը անհեռանկար ու ձախողման դատապարտված քաղաքական տեխնոլոգիաներ են:

Հարկատուներիս միջոցով սնվող Հանրային հեռուստաընկերությունն ու պետական կերակրատաշտակից անխափան սնվող մյուս հեռուստաընկերությունները ինչպե՞ս են արդարացնելու իրենց անգործությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, երբ աշխարհի առաջատար լրատվամիջոցները հայաստանյան իրադարձությունները թողարկում էին որպես թիվ մեկ լրատվություն, իսկ հայաստանյան հեռուստաեթերներում այդ իրադարձությունների մասին խոսվում էր միջազգային լուրերից հետո` 30-40-վայրկյանանոց կարճ լուրի տեսքով: Հանրային կյանքի լուսաբանման համար ստեղծված հեռուստաընկերությունները մեդիայի ամենաթանկ կապիտալը` լսարանը, անվճար, բացառապես առանց պայքարի, նվիրեցին «Ազատություն» ռադիոկայանին, ֆեյսբուք սոցիալական ցանցին ու կայքերին: Այդ ոլորտի համակարգաման նպատակին կոչված չինովնիկներին հավանաբար թվում էր, որ սա 2008 թիվն է, և պետական համակարգում  «Ազատություն» ռադիոկայանի, Ֆեյսբուքի և յութուբի արգելափակմամբ` կարելի է հասարակությանը հեռու պահել հեղափոխական գործընթացներից: Թերևս այսքանով է սահմանափակվում այդ մարդկանց իմացությունը ժամանակակից տեղեկատվաման միջոցների և հնարավորությունների մասին: Հայաստանի նախկին ղեկավարի ՊՌ թիմն ու վերլուծական կենտրոնները անգամ գաղափար չունեին, թե ինչ մեթոդ է կիրառում Նիկոլ Փաշինյանը և ընդհանրապես ինչ ասել է ցանցային հեղափոխություն: Հավանաբար նրանց թվում էր, թե շեֆի տրամադրությունը չփչացնելու համար լավ բաներ զեկուցելը, միայն, այսպես կոչված, ընտրյալ ԶԼՄ-ներին ու լրագրողներին հանդիպման հրավիրելն ու կանխատեսելի հարցերով ասուլիսներ կազմակերպելը փայլուն աշխատանք է: Ճիշտ ժամանակն է Սերժ Սարգսյանին հարցնել` ի՞նչ իմաստ ուներ այդ փուչ կառույցների վրա այդքան գումար ծախսել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: