ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր

Apr 26, 2018 Comments Off on ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր

Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակն ուզում են խլել։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Երեկ և այսօր Հայաստանում տոտալ քաղաքական առևտուր է ընթանում։ Պողոս Պետրոսի հետ է հանդիպում, Պետրոսը՝ Մարտիրոսի, հետո գալիս են, մեզնից են պաշտոններ ուզում։ Լավ, միթե չեն հասկանում այդ մարդիկ, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Մեզ հետ պետք չէ սակարկել։ Մենք չենք ուզում մարդկանց փոխել մարդկանցով, մենք ուզում ենք փոխել համակարգը։ Մենք ուզում ենք փոխել խաղի կանոնները, արժեքներն ու համակարգը»,- ասել է Միրզոյանը։

Նա ուղերձ հնչեցրեց ՀՀԿ-ին և ԱԺ մյուս ուժերին. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Միանշանակ է, որ այլ դրսևորումը կլինի ձեր խայտառակությունը: Որևէ այլ գործարք, քվեարկության արդյունք, որը կլինի մայիսի 1-ին, կլինի ոչ լեգիտիմ: ՀՀ ժողովուրդը դա չի ընդունելու: Ավելին, սա շատ հստակ է, ես ուզում եմ բոլորը հրապարակում, տներում, կուսակցություններում, ԱԺ-ում շատ հստակ հասկանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին քվեարկելուց՝ այլ քայլը կհարվածի հայկական պետականությանը, և դա կլինի պետական դավաճանություն: Հայոց պետականությունը, հայկական համակարգը հնարավոր է փրկել այս պահին մի ձևով. Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: