Դաշնակցությունը հույսի և դավաճանության խաչմերուկում

Apr 28, 2018 Comments Off on Դաշնակցությունը հույսի և դավաճանության խաչմերուկում

Իշխանության խորտակվող նավը լքելու երևույթը, որն ուղեկցվել է բոլոր հեռացող իշխանություններին, բնութագրվել է շատ դիպում արտահայտությամբ` առնետավազք: ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, հետևաբար, ինչպես դասականը կասեր, առնետավազքն սկսված է: Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել կառավարական կոալիցիայից դուրս գալու մասին: «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին: Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝ լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը, հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ:

Փաստորեն, հին ընկերները դավաճանեցին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին և անգամ պատրաստ են աջակցել, որ Ազգային ժողովը ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի, այսինքն` Նիկոլ Փաշինյանին: Ընդամենը մեկ շաբաթ առաջ դաշնակցությունը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, բայց դա արդեն անցած պատմություն է: Ընդհանրապես Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն առավել քան բարեհաճ են գտնվել դաշնակցության նկատմամբ: Քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն` վերջին երկու ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն չի հավաքել անցողիկ շեմի համար բավարար քվեներ, սակայն շնորհիվ Սերժ Սարգսյանի բարեհաճության` նրանց համար նկարվել են նվազագույն անցողիկ քվեներ: Բացի խորհրդարանական մանդատներից` Սերժ Սարգսյանը նրանց նաև կառավարական պորտֆելներով ապահովեց, չնայած ՀՀԿ-ն ուներ խորհրդարանում մեծամասնություն և կոալիցիա կազմելու կարիք բացարձակ չկար: ՀՅԴ հայաստանյան կառույցը սփյուռքում վաղուց արդեն չունի նախկին ազդեցությունն ու վստահությունը, և դա լավագույնս արտահայտվեց Սերժ Սարգսյանի դեմ Սփյուռքի տարբեր հայաշատ վայրերում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաների ժամանակ, որոնց ակտիվորեն մասնակցում էին նաև Սփյուռքի դաշնակցականները: Իրականում անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանի ինչին էր պետք ՀՅԴ-ի հետ կոալիցիան:

Ինչևէ, առաջիկայում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն կարող պորտֆելներ ու մանդատներ խոստանալ դաշնակցությանը, ուստի հին ընկերները պետք է արևի տակ իրենց տեղը գտնելու նոր ճանապարհներ գտնեն: Թերևս նրանք հույս ունեն, որ ապագա խորհրդարանում իրենց 5 տոկոսի հարցը այս անգամ էլ կարելի է լուծել Նիկոլ Փաշինյանի հաշվին: Ի դեպ, ՀՅԴ պատգամավորներից մեկը` Սուրեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացել էր ավելի վաղ` չսպասելով կուսակցության որոշմանը: Բարոյական տեսանկյունից` ՀՅԴ-ի քայլը կարող էր արդարացվել միայն այն պարագայում, եթե նրանք հրապարակ գործուղված լինեին Սերժ Սարգսյանի կողմից: Այս վարկածն, ի դեպ, կարող է նաև իրական լինել` տեղում որոշակի վերահսկելիություն ապահովելու նկատառումով:

Դաշնակցության հայաստանյան կառույցը բավականին ծանր քաղաքական կացության մեջ է հայտնվել` մի կողմից կոալիցիայի մեջ մտնելու և ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար զրկվել է սփյուռքի երբեմնի աջակցությունից, մյուս կողմից էլ այժմ, ի դեմս Սերժ Սարգսյանի, կորցնում է հայաստանյան հզոր իշխանական հովանավորչությունը: Դաշնակցությունում շատ լավ հասկանում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարելու ռեսուրս և հանրային  վստահություն չունեն: Դաշնակցությանը հիմա կարող է փրկել միայն արմատական հեղափոխությունը` հին ընկերները պետք է  ամբողջությամբ փոխեն առաջին դեմքերին, որովհետև նրանցից վաղուց արդեն նավթալինի հոտ է գալիս: Հակառակ պարագայում  պատմական կուսակցությունը պետք է հարմարվի 128-ամյա կենսագրության վերջին էջը գրելու ճակատագրական մտքի հետ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: