Վաշինգտոնն ու Բրյուսելը խաղի մեջ են. իշխանական «հեղափոխություն» չեն հանդուրժի

Apr 26, 2018 Comments Off on Վաշինգտոնն ու Բրյուսելը խաղի մեջ են. իշխանական «հեղափոխություն» չեն հանդուրժի

«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»:

Սա ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն է: Նրանում հստակություն կա՝ հայաստանյան ճգնաժամը պետք է լուծվի օրենքի շրջանակներում, իշխանությունը խաղաղ պետք է փոխանցվի՝ Հայաստանի ժողովրդի և ընտրյալ առաջնորդների միջոցով: Եվ միայն այդ դեպքում ԱՄՆ-ն արդյունավետ կհամագործակցի Հայաստանի նոր կառավարության հետ:

Վաշինգտոնի ուղերձներն, առավել քան, հստակ են ու միանշանակ:

Երեկ հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ռիչարդ Միլսի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր կերպով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։ «Պետք է գովեստով արտահայտվեմ նաև անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», – ասել է դեսպանը: Դեսպան Միլսն ավելացրել է, որ այնուամենայնիվ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նշելով, որ նա իրական առաջնորդի նման գործեց՝ լսելով Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացնելով այդ բարդ որոշումը: «Առաջիկա օրերին մենք կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ։ Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված շարունակել երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ։ Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար», – իր խոսքն ամփոփեց դեսպանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծել է, որ ԵՄ-ն այժմ ևս կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար․ «Եվրոպական միությունը կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան պայմանագրին, նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը այժմ հավակնոտ ծրագիր ունեն և պետք է աշխատեն դրա իրականացման ուղղությամբ․ – «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը շատ կարևորում է այն բոլոր արժեքները, որոնք դրված են մեր համաձայնագրի հիմքում, այժմ անգամ էլ ավելի ջանասիրաբար պետք է աշխատենք դրա կետերի իրականացման շուրջ»։

Այսպես, Վաշինգտոնն ու Բրյուսելը հստակ դեմ են համաժողովրդական հեղափոխությամբ իշխանական «հեղափոխությանը», նրանց կոչեր ենթատեքստում ակնհայտ է դառնում, որ ներիշխանական հեղափոխությունը ցանկալի ելք չէ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: