Նիկոլ Փաշինյան. Հանրապետականները պետք է զրկվեն իշխանությունից

Apr 25, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյան. Հանրապետականները պետք է զրկվեն իշխանությունից

«Ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։
Կարծում եմ, այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք, և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ:2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները»,–  ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վերջին օրերին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

«Մենք կարող ենք  ակտիվ ձևով բոյկոտել այդ ընտրությունները` շրջափակելով տեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ–ն վերարտադրվի։Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել` ՀՀ–ում ՀՀԿ–ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարի իշխանությանը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կարծում եմ, ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը հայտնեց, որ այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։

«Մեկնում եմ  Հանրապետության հրապարակ։Մենք թույլ չենք տա, որ ՀՀԿ–ն փորձի նման գործողություններ իրականացնել, ինչքան շուտ հասկանաք, այդքան լավ բոլորիս համար»,–ասաց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: