Ժիլետը. թավշյա հեղափոխության երկրորդ արարը

Apr 25, 2018 Comments Off on Ժիլետը. թավշյա հեղափոխության երկրորդ արարը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը ՀՀ դեռ չի ավարտվել. նախօրեին տեղի ունեցավ առաջին քայլը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սակայն ՀՀԿ-ն այսօր շարունակում է մնալ իշխող կուսակցություն, ավելին՝ փորձում է ՀՀ-ում ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը:

Վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ նախապես համաձայնեցված բանակցություններից: Ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է, թե Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ և հայտարարել բացառապես սեփական օրակարգի շուրջ բանակցությունների մասին: Փաշինյանն էլ արձագանքել է` նշելով, թե Ս. Սարգսյանի հրաժարականը փորձ է արվում օգտագործել ՀՀԿ իշխանությունը պահելու համար, հետևաբար ինքը կսպասի ՀՀԿ-ականների զանգին։ «Եթե ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները»,- ասել է նա:

Տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր. ղարաբաղյան կլանը (հիշեցնենք՝ Կ. Կարապետյանը ևս ծնունդով ղարաբաղցի է) չի պատրաստվում հեշտությամբ զիջել իշխանությունը: Նրանք ցանկանում են ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել Կ. Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո: Այսինքն՝ կարևոր է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանության ղեկին լինի ՀՀԿ-ն, այլ ոչ թե Ն. Փաշինյանը, ինչպես վերջինս պահանջել է բանակցային օրակարգն առաջադրելիս:

Սա իշխանությանը պետք է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունենա կրկին օգտագործել վարչական և ֆինանսական ռեսուրսները: Միայն թե, նկատենք, իշխանությունների այս դիմադրությունը կարող է բողոքի է՛լ ավելի հուժկու ալիք առաջացնել, առավել ևս, երբ ընդամենը երկու օր առաջ ժողովուրդը տեսավ իր պայքարի արդյունքը. Ս. Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

Հիմա Կ. Կարապետյանն է կանգնած համազգային ատելություն վաստակելու և նույնկերպ քաղաքական լուսանցք ճանապարհվելու շեմին:

Հ.Գ. Իսկ մինչ այդ օրակարգից դեռ դուրս չի եկել Կ. Կարապետյանի լեգիտիմության խնդիրը. արդյո՞ք նա բավարարում է Սահմանադրությամբ վարչապետի համար սահմանված պահանջներին, մասնավորապես Մոսկվայից եկած Կարապետյանն արդյո՞ք 4 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: