Կեղծ արժեքների հեղափոխություն

Apr 26, 2018 Comments Off on Կեղծ արժեքների հեղափոխություն

Այսպիսով՝ ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանության էպոխան, սակայն հեղափոխություն անվանել տեղի ունեցածն այնքան էլ ազնիվ չի լինի։ Ոչ միայն այն իրողության համար, որ երկրում շարունակում է Հանրապետականի իշխանությունը, որի ղեկավարը նույն ինքը Սերժ Սարգսյանն է, ով հրապարակի պահանջով երեկ ներկայացրեց հրաժարականի դիմումը, այլ այն, որ իրական արժեքային հեղափոխություն տեղի ունեցավ, բայց այն լիակատար դառնալուց դեռ հեռու է։

Լուսավոր եւ սեփական իրավունքներին տեր կանգնող աննկուն երիտասարդների հաղթանակը, անշուշտ, վիճարկելու ենթակա չէ, մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղթանակի, դրական սպասումների, հույսի արթնացում, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից, սակայն, ի վերջո կան իրողություններ, որոնք պահանջում են սառը և սթափ հայացք՝ հենց նույն հանրությանը հուսախաբ չլինելու, չհիասթափվելու համար: Այսպիոսով՝ ապրիլյան այս հեղափոխության վարակիչ էֆեկտներից մեկն էլ հայտնի մարդկանց՝ դերասանների, մտավորականների, երգիչ-երգչուհիների, հաղորդավարների աջակցությունն էր։

Մի բան, որը աչքով տեսնելուց հետո էլ անհավատալի էր թվում։ Տարիներ շարունակ Հայաստանում մատների վրա հաշված այդպիսի մարդիկ են մնացել, որոնք չեն դարձել իշխանությունների խոսափողը, ունեցել ու հնչեցրել են իրենց ուրուն տեսակետը, որը մեղմ ասած չի խաչվել իշխանությունների վարած քաղաքական գծի հետ։ Նրանք չեն կուրացել իրենց դոշից կախ տված զանգուլակներից, ոմանք էլ կտրուկ հրաժարվել են այդ շքանշաններից, սակայն քաղաքացիական, մտավորական իրենց կեցվածքով եղել են ժողովրդի կողքին, խոսել նրա սրտից՝ կանգնելով իշխանությունների կոկորդին։ Օրինակ Ռուբեն Բաբայան, Լալա Մնացականյան, Եղիշե Պետրոսյան, Ռուբեն Հախվերդյան, որոնց միացումը այս շարժմանը ոչ միայն զարմանալի չէր, այլեւ տրամաբանական։

Նրանք մտածող մարդիկ են, որոնք որեւէ պահի չեն խուսափել ոչ իշխանահաճո կարծիքներ հնչեցնել։ Մյուս զուգահեռում առնվազն զավեշտալի էր հեռուստասերիալների հաղորդավարների ու դերասանների քայլը։ Երբ անցել է թոհուբոհը, տեսանելի է, թե որտեղից ու ովքեր էին այդ մարդկանց հրապարակ գործուղել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շոու-բիզնեսը եւս բաժանված է թեւերի, մի թեւը սպասարկում է Սերժ Սարգսյանին, մեկ ուրիշը՝ Կարապետյան զույգին, մասնավորապես Սամվել Կարապետյանին, որի նախաձեռնությամբ կազմակերպվում եւ իրականացվում է Տաշիր ամենամյա մրցանակաբաշխությունը, եւ այսպես շարունակ։ Ու եթե ուշադիր հետեւենք, թե որ աստղը որ կողմից էր հարթակի ճանապարհը բռնել, ապա ի հայտ կգա այս հեղափոխության կեղծ արժեքային դեմքը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: