Ռուբեն Վարդանյանի ուշագրավ ակնարկը` Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության թիկունքում կանգնած օլիգարխի մասին

Apr 27, 2018 Comments Off on Ռուբեն Վարդանյանի ուշագրավ ակնարկը` Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության թիկունքում կանգնած օլիգարխի մասին

 Հայտնի ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադարձել է Հայաստանում ապրիլի 23-ին կատարված թավշյա հեղափոխությանը: Ըստ Ռուբեն Վարդանյանի` Հայաստանը պետք է դարձնել բարգավաճ երկիր ոչ թե խոսքով, այլ գործերով:

«Եվ մենք ուրախ կլինենք, որ այն էներգիան, այն էմոցիան, որը երեկ կար, կոլեկտիվ գնա առաջ և փոխի Հայաստանը դեպի լավը: Մյուս կողմից ես հասկանում եմ, որ մենք հիմա ունենք շատ էմոցիոնալ պահ, որ եթե ճիշտ չօգտագործվի և չդառնա պոզիտիվ, դա մեծ վտանգ է: Հայ ազգը պիտի միանա, և մենք բոլորս միասին պետք է փորձենք ամեն ինչ անել, որ երեկվա հաջողությունը, որ առանց արյան տեղի ունեցավ այս ամենը, նախկին պատմությունը չունենա: Դրա համար ես հույս ունեմ, որ և’ կառավարությունը, և’ այն մարդիկ, ովքեր փողոցում էին՝ պահանջով, հասկանան՝ ամեն ինչ պետք է անենք, որ նոր Հայաստանի ռազմավարությունը դառնա ընդհանուր ծրագիր: Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նոր ձևի Հայաստան ենք կառուցում, ոչ թե ունենանք նոր օլիգարխ, որը կփոխի հին օլիգարխին»,- նշել է նա:

Երբ լրագրողները հարցրել են, թե  ո՞ւմ նկատի ունի` օլիգարխ ասելով` Սերժ Սարգսյանի՞ն, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Ես նկատի ունեմ մարդկանց, ովքեր գալիս էին տարբեր մտքերով, բայց հետո դառնում օլիգարխ»: Սա բավականին ուշագրավ ակնարկ է` Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության թիկունքում կանգնած օլիգարխի մասին: Ռուբեն Վարդանյանի ծրագրային հորդորը առաջին հերթին վերաբերում է հրապարակ դուրս եկած երիտասարդներին, ովքեր անկեղծորեն ցանկանում են ունենալ բարեփոխված և զարգացող երկիր, քաղաքական իսկական ծրագրին, գուցե ծանոթ չեն: Նիկոլ Փաշինյանը նրանց հրապարակ է բերել «Մերժի’ր Սերժին» կարգախոսով, սակայն մերժված Սերժ Սարգսյանը արդյո՞ք բավարար երաշխիք է` բոլորիս երազած Հայաստանն ունենալու համար:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը փոխանցելու բանակցությունները շարունակելու է ՀՀԿ փոխնախագահ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ռուբեն Վարդանյանը հստակ ասում է, որ շատ բան կախված է լինելու երկխոսության արդյունքից և բնականաբար քաղաքական բանակցությունների ընթացքում առաջդրվող հարցերից: Կա երկու կողմ` հրապարակ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և Կարեն Կարապետյան` ի դեմս կառավարության: Կարեն Կարապետյանը ի սկզբանե Հայաստան է հրավիրվել ռուսաստանահայ գործարար «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայտնի ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի կողմից: Սամվել Կարապետյանը վերջին երկու տարում Հայաստանում տնտեսական շատ լուրջ ազդեցություն է ձեռք բերել. նրա գլխավորությամբ` Կարեն Կարապետյանը հիմնադրեց Հայաստանի ներդրողների ակումբը, նրան հանձնվեց Հայաստանի էլեկտրական ցանցերի համակարգը: Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը վարչապետի պարտականություններն իրականացնող Կարեն Կարապետյանը հանդիպել է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ և քննարկել հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, ներդրողների ակումբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Բնականաբար, Սամվել Կարապետյանը Հայաստանում, բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական հետաքրքրություններ, և Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների ընթացքում այդ հետաքրքրությունները պետք է ներկայացված լինեն:

Ռուբեն Վարդանյանի` հին օլիգարխին նոր օլիգարխով փոխելու ակնարկը թերևս հենց Սամվել և Կարեն Կարապետյաններին է վերաբերում, ովքեր կարող են դառնալ թավշյա հեղափոխության հիմնական շահառուն: Ինքը` Ռուբեն Վարդանյանը, ի սկզբանե ողջունել է Կարեն Կարապետյանի Հայաստան գալն ու վարչապետի պաշտոնի ստանձնումը` հույս ունենալով, որ նրա գալով Հայաստանում նոր մշակույթ կձևավորվի: Այսօր, սակայն, նա նախազգուշացնում է հեղափոխական հրապարակին` երկիրը նոր օլիգարխին հանձնելու վտանգի մասին: Ինչ առաջարկ ունի այդ մտահոգության դեմ Ռուբեն Վարդանյանը` դժշվար է ասել: Փաստորեն, հեղափոխությունից հետագա կառավարության ձևավորման հետ կապված Ռուսաստանի ազդեցիկ հայերի մոտեցումները միատեսակ չեն, իսկ դա հատկանշական է և զարգացումներ խոստացող:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: