Մանրամասներ ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքից

Apr 24, 2018 Comments Off on Մանրամասներ ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Քրեական գործով Ն.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: