Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները

Apr 24, 2018 Comments Off on Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):

Ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսին նրանց անունները հայտնեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին: «Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել եւ նպաստել են իր գործունեությանը: Այս նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:

***

Չո Լա Աուն, իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգեւի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական եւ ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

***
Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաեւ Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

***
Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության եւ ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի եւ հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց եւ երեխաների կյանքում։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: