Հեղափոխությունը, Ալիևի ախորժակն ու արտաքին ուժերի խորամանկ հայացքները

Apr 26, 2018 Comments Off on Հեղափոխությունը, Ալիևի ախորժակն ու արտաքին ուժերի խորամանկ հայացքները

Մի քանի օր է, ինչ Արցախի ՊԲ-ն տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են, որ շփման գծում ադրբեջանական կողմը որոշակի աշխուժություն է ցուցաբերում: Վերջին նման տեղեկատվությունը երեկ տարածեց: Արցախի ՊԲ-ն ապրիլի 23-ի ժամը 13:35-18:00-ն առաջնագծում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրություն տարածեց, որը փաստում էր ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբն է հանդես եկել հայտարարությամբ: Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ հայտարարություն են տարածել՝ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու,մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»:

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանին զգուշացրել է՝ չօգտվել Հայաստանի ներքին զարգացումներից և զերծ մնալ սադրանքներից: «Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, որ Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների ֆոնին կարող է որևէ գործողություն հրահրել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները»,- գրել է Բալայանը:

Այն, որ Ադրբեջանը հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակներում մշտապես «ակտիվություն» է ցուցաբերել՝ դա հայտնի էր վաղուց: Ավելին՝ նման ակտիվություն Ադրբեջանը մշտապես ցուցաբերել է նաև ապրիլի 24-ի նախօրեին:

Անշուշտ, այսօր, առավել քան երբևէ Հայաստանում քաղաքական դաշտի պատասխանատուները՝ բոլորն անխտիր պետք է ելնեն այն կետից, որ Հայաստանը չի կարող մնալ այնպիսի լարվածության մեջ, որի արդյունքում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից:

Այժմ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության, կայունության ու ապահովության խնդիրն է դրված, և սրանք պարզապես բառեր չեն:

Ներքին պայթյուն չի կարելի թույլ տալ: Դա հղի կլինի մի իրավիճակի ստեղծմամբ, որից կարող է օգտվել ոչ միայն Ադրբեջանը, այլև ուժային այլ կենտրոններ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: