Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Պուտինից. Հայաստանը համաշխարհային մամուլի ուշադրության ներքո

Apr 26, 2018 Comments Off on Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Պուտինից. Հայաստանը համաշխարհային մամուլի ուշադրության ներքո

Միջազգային լրատվամիջոցները երեկ գլխավոր լուրերի իրենց բաժիններում անդրադառնում էին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրան այդ քայլին դրդող համաժողովրդական շարժմանն ու շարժման հաղթանակին:

Bbc-ն մեջբերում է Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանի հետևյալ խոսքերը. «Կարծում եմ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցադրում է: Աշխարհի ոչ բոլոր անկյուններում սկսված ցույցերն են կարողանում հասնել իշխանությունների հրաժարականին»: Bbc-ն հիշեցնում է, որ Սարգսյանը քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերությունների համար: Բրիտանական կայանը մեջբերում է նաև հանրահավաքի մասնակից ցուցարարների խոսքերը. «Սա հենց այն է, ինչ հասկանում ենք հաղթանակ ասելով»: «Սա իրապես օր է, որը պետք է զգանք բոլորս, սա օր է, երբ բոլորս պիտի լինենք այստեղ` ականատես լինելու պատմության այս էջին»: Ըստ կայքի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը «ուրախության հրավառություն էր, որը պայթեց հրապարակում»:

«Գարդիըն» պարբերականը գրում է, որ ցույցերը Հայաստանում եռում էին արդեն մեկ շաբաթ: Սակայն այդ օրերին փողոցներում լցված ոստիկանները երկուշաբթի օրը բացակայում էին տեսադաշտից»: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում Սարգսյանի դեմ ընդդիմությունը նրան մեղադրում էր նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվող լարվածությունը մեղմել չկարողանալու մեջ:

Cnn-ը, պարզապես տեղեկություններ տալով Հայաստանում զարգացող ու տեղի ունեցած իրադարձությունների մասին, իր ընթերցողներին պատմում է Սերժ Սարգսյանի անցած ու քաղաքականապես ավարտված ուղու մասին:

Իսկ «ԱյՋազիրա»-ն գրում է. «Սարգսյանի հայտարարությունը չի նշում, թե երբ է ինքը թողնում պաշտոնը»: Իսկ գործակալության թղթակցի խոսքերով, «Այս շարժումը ցույց տվեց, թե որքան են Հայաստանում մարդիկ հասկացել, որ իրենք ունեցել են համակարգում փոփոխություն իրականացնելու ուժ, համակարգ, որը հայտնի է իր կոռուպցիայի բարձր մակարդակով»:

«Ռոյթըրզ» լրատվականն իր ընթերցողներին պատմում է ցուցարարների հետ մոտ 200 զինվորականների կողմից միասնության փաստի մասին, այն մասին, որ նրանք ողջագուրվում էին ցուցարարների հետ ու ծածանում երկրի պետական դրոշները: «Պաշտպանության նախարարությունը դատապարտել է զինվորականների այս քայլը, այն անվանելով անօրինական ու հայտարարել, որ նրանք կենթարկվեն ամենախիստ պատիժների»: Ռոյթըրզի համաձայն, զինվորականները եղել են ռազմական խաղաղապահների գումարտակի անդամներ:

«Նյու Յորք Թայմս»-ը և «Վաշինգթոն Փոսթը» հիշեցնում են, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը 2008-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը և նախագահի պաշտոնը նորից զբաղեցրել 2012-ին:

Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին են անդրադարձել նաև «ԷյԲիՍի», «Բլումբերգ», «Նյուզուիք», «Յուրոնյուզ» և աշխարհի մի շարք այլ հանրահայտ թերթեր, հեռուստատեսային ու ռադիոկայաններ, լրատվական այլ ծառայություններ:

Բացառություն չէր թուրքական մամուլը: Այստեղ նույնիսկ լուսաբանել էին զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին: Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։ «Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։ Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում էին, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն 10 օր շարունակվող բողոքի ցույցերին միացել են նաև 100-ավոր զինվորականներ։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ցուցարարների շարքերում զինվորներ կան և նշել, որ այդ զինվորների նկատմամբ խստագույն իրավական պատժամիջոցներ կկիրառվեն», -գրում է «Milliyet»-ը։ Իսկ «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին հայտարարել էր երկրում թավշյա հեղափոխություն սկսելու մասին։ «Habertürk» լրատվական կայքը լուրին կցել է նաև հայ զինվորների երթը պատկերող տեսանյութ։ Լուրերում տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված են զինվորական համազգեստով ցուցարարներ։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: