Հրաժարականը շատ սխալ եմ համարում. Գառնիկ Իսագուլյան

Apr 24, 2018 Comments Off on Հրաժարականը շատ սխալ եմ համարում. Գառնիկ Իսագուլյան

«Ես մնում եմ իմ տեսակետին, ըստ իս՝ հրաժարականը շատ սխալ էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Նա կարող էր նույն գործողությունն անել միանգամայն ուրիշ սցենարով։ Նախ և առաջ պետք է վերադառնայինք այն վիճակին, որից սկսել էինք։ Շատ կարևոր է, որ վերադառնայինք խաղաղ ու հանգիստ վիճակի։ Նա կարող էր ասել՝ պետք է անել սա և սա, որից հետո ես կարող եմ հրաժարական տալ և այդ գնալու պարագայում ո՞ւմ և ո՞նց եմ հանձնում ամեն ինչ։ Շատ-շատերը հիմա իրենց հավանաբար խաբված կզգան, ամեն ինչ չհասկացված և շատ վտանգավոր է, որ հիմա տոնում են հաղթանակ, ի՞նչ են տոնում, մենք այդ նույն հաղթանակին այլ ճանապարհով կարող էինք հասնել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե լուրջ փոփոխություններ չլինեն՝ դա կբերի հերթական հիասթափության. «Հիասթափությունը շատ ավելի վատ իրավիճակի կբերի, քան կար մինչև հիմա։ Եթե այս էմոցիաների բարձրակետում թե՛ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, թե՛ իշխանությունները բանակցությունները չտանեն այնպես, որ համապատասխանի Սահմանադրությանն ու օրենքին՝ շատ ավելի վատ։ Ես այդ Սահմանադրությանը դեմ եմ եղել, ասել եմ, որ այն ունի խութեր, որոնք շատ ծանր բաներ են մեզ պարտադրելու։ Հիմա հարկավոր է վերադառնալ Սահմանադրական օրենքների շրջանակ, ու հանգել մի լուծման, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չլինեն, հաղթի պետականությունն ու ժողովուրդը»,- ընդգծեց Իսագուլյանը։

 Նրա խոսքերով՝ եթե հիմա թավշյա հեղափոխության ճանապարհով գնանք, մենք կունենաք մի իրավիճակ, որն անդառնալի կարող է լինել. «Թավշյա, նարնջագույն հեղափոխություն ասենք, թե արաբական գարուններ, հիշեք՝ այդ բոլոր պարագաներում պետությունները կորուստներ են ունեցել։ Այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընթացող այդ մեծ պատերազմի պայմաններում մեր տարածաշրջանը կարող է հետաքրքրություններ ներկայացնել։ Մենք չպետք է դա թույլ տանք։ Ուրախ եմ, որ այսօր մեր սիրելի դերասաններից Հակ Մարությանը հիշեց Արցախը, դա պետք է վաղուց արվեր։ Հիշեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ամենածանր հանրահավաքների ժամանակ ասում էր՝ Աստված չանի, եթե արտաքին թշնամին փորձի՝ մենք ներսում տարաձայնություններ չունենք։ Այսօր ասվեց՝ եթե մենք բաց ձեռքերով այդ հաղթանակը տարանք ներսում, դրսում զենքով այդ հաղթանակն անպայման կտանենք։ Կարևոր է գիտակցենք դա, եթե գիտակցենք՝ ուրեմն մենք տարածքային կորուստ, ի տարբերություն մյուս պետությունների, չենք ունենա։ Մենք չպետք է «և-և»-ի քաղաքականությունը դարձնենք նորից «կամ-կամ»-ի քաղաքականություն»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: