Բերման է ենթարկվել ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը

Apr 22, 2018 Comments Off on Բերման է ենթարկվել ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել նաեւ ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ էլ, այսօր բերման ենթարկված անձանցից 24-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:

Մեղադրյալներից Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: